20-րդ դարի հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, գրողներ, մտավորականներ ու քաղաքացիներ՝ գրողի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար։
Հրանտ Մաթևոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը իր խոսքում շեշտեց, որ ինքը շատ է ցանկանում գոնե առաջիկա տարիներին տեսնել Մաթևոսյանի անունը կրող թանգարանը, որն այս 15 տարիների ընթացքում այդպես էլ չկառուցվեց։
«Կյանքն անցնում է, մենք՝ ծերանում․ ես կուզենայի, որ այս սերունդը կենդանության ժամանակ տեսներ հարգանքի այն տուրքը, որին արժանի էր Հրանտ Մաթևոսյանը: Ես 80-ամյակի կապակցությամբ նախագահին ասել եմ՝ պարոն Սարգսյան, ոչինչ չեմ ուզում, ոչ մի միջոցառում մի արեք 80-ամյակին, ամբողջ գումարը թող մնա, որ թանգարանի կառուցման համար լինի դա: Ինքը ասել է՝ այո, բայց ինչպես տեսնում եք՝ դեռ շատ բան կա էնտեղ անելու: Ես ուզում եմ, որ դա լինի մեր մտավորականության հավաքատեղի, բայց ես վախենում եմ, որ չտեսնեմ էս բոլորը․այսքան տարին բավական էր, որպեսզի այդ թանգարանը մենք ունենայինք, որովհետև ես չեմ կարծում, թե այդ թանգարանը լինելու է միայն Հրանտ Մաթևոսյանինը, այլ այն իր մեջ ամփոփելու է ամբողջ 1950-60-ական թվականները՝ իր ամբողջ ընկերական միջավայրով»,-ասաց Վերժինե Մովսիսյանը։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թանգարանի չկառուցման խնդրին, նշեց․
«Մենք հենց այս տարվա ընթացքում քաղաքաշինության ղեկավարի և Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամների հետ քննարկել ենք այս հարցը և հուսամ, որ հաջորդ տարվա ընթացքում շինարարական աշխատանքները կավարտվեն, իսկ էքպոզիցիայի առումով մենք արդեն ունենք պատկերցումներ, թե ինչպիսին է լինելու թանգարանը․ կենդանի թանգարան պետք է լինի, մտահաղացումներն ու պատկերացումներն արդեն ունենք և ունենք նաև դրանք իրականացնելու միջոցներ։ Կարծում եմ, որ 1-2 տարվա ընթացքում թանգարանը կամբողջանա և այնուհետև կմտածենք նաև հարակից այգու բարեկարգման աշխատանքների մասին, ինչը ևս շատ կարևոր է, որպեսզի մաթևոսյանական աշխարհի կրկնօրինակը կարողանանք այնտեղ ստեղծել։ Հուսամ, որ առաջիկա տարիներին այս թանգարանն իր հյուրընկալ դռները կբացի ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանյան գրողների առջև»։
Մանրամասները՝ տեսանյութում։









































