Դելիում մահացած համարվող երեխայի ծնողները հենց դիակիզումից առաջ հայտնաբերել են, որ նա ողջ է: Այս մասին հայտնում է Sputnik International-ը:
Max Hospital բուժկենտրոնի աշխատողները ծնողներին ասել են, որ երկվորյակներից մեկը մահացած է ծնվել, իսկ երկրորդին անհրաժեշտ է միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բժիշկներն ընտանիքից 1 500 դոլար են պահանջել կլինիկայում բուժման առաջին 3 օրերի համար, ամեն հաջորդ օրը կարժենար 775 դոլար:
Երեխայի ծնողները չէին կարող իրենց այդպիսի ծախսեր թույլ տալ, այդ պատճառով որոշել են տղային ուրիշ կլինիկա տեղափոխել: Դրանից հետո բժիշկները նրանց ասել են, որ երեխան մահացել է: Նրանք հարազատներին երեխաների մարմիններով երկու պոլիէթիլենային փաթեթ են տվել:
Դիակիզման ծեսը սկսելուց 6 ժամ առաջ ծնողները նկատել են, որ փաթեթներից մեկը շարժվում է: Նրանք երեխային անմիջապես տարել են մոտակա հիվանդանոց: Հիմա երեխայի վիճակը գնահատվում է կայուն:
Նշված փաստով Հնդկաստանի առողջապահության նախարարությունը և իրավապահ մարմինները ստուգում են սկսել:










































