«Նոյեմբերի 9-ին, երբ Սահմանադրական դատարանը կայացրեց իր որոշումը, բոլորը հասկացան, որ Վանաձորի ավագանին անիրավաչափ որոշումներ է կայացրել, որովհետև համայնքը բավարար չափով ներկայացված չի եղել ներկայացուցչական մարմնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նրա խոսքերով՝ ներկա իրավիճակում, երբ Վանաձորի քաղաքապետը կամ համապատասխան խմբակցությունները հրաժարվում են կատարել, կամ շրջանցել ՍԴ որոշումը, կամայականություն են դրսևորում։ «Այստեղ ամեն ինչ այնքան պարզ է, որ մնացած ամեն ինչ կամայականություն է։ ՍԴ որոշումը չի կատարվում պարզապես։ Հստակ է, որ մեկ տարվա մեջ Վանաձորի ավագանու կայացրած որոշումները առ ոչինչ որոշումներ են, իրավունքի առարկայից չբխող։ Հիմա ինչ, մենք չառաջնորդվենք Սահմանադրական դատարանի որոշմամբ, փակե՞նք ՍԴ-ն այս երկրում։ Պետք է առաջնորդվել իրավունքի գերակայությամբ, իսկ ՍԴ-ն ասում է, որ համայնքը բավարար կերպով ներկայացված չի եղել»,- նշեց Ղազարյանը։
Անդրադառնալով հարցին, թե Վանաձորի ավագանու ՀՀԿ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև կնքված համագործակցության հուշագրին և դրանով քվորումի հարցը լուծելուն, Ղազարյանն ընդգծեց, որ այդ հուշագիրը ոչ մի կերպ չի փրկում իրավիճակը։ Այն սխալները, որոնք մեկ տարի առաջ թույլ են տրվել, դրանք անդառնալի, անվերականգնելի սխալներ են։ Իսկ հաջորդիվ, այսինքն՝ հուշագրի ստորագրումից և մեծամասնություն ունենալուց հետո, Ղազարյանի խոսքերով, նրանք կանգնելու են փակուղու առաջ։ «Իրավիճակն այնպիսին է, որ հիամ իրենք կամ պետք է առաջնորդվեն ՍԴ որոշումով, քանի որ օրենքը չկա արդեն, իսկ ՍԴ-ն ասում է, որ անհրաժեշտ է ներկայացուցիչների ձայների կեսը։ Հիմա այս հուշագրով իրենք փորձում են ձայների կե՞սը հավաքել, թե՞ որքան անհրաժեշտ է։ Եթե ձայների կեսը, ապա իրենք հարգում են և կատարում են ՍԴ որոշումը։ Իսկ եթե հարգում են ՍԴ որոշումը, ապա պետք է անվավեր և առ ոչինչ ճանաչվեն նախկինում ընդունված որոշումները։ Իսկ եթե իրենք առաջնորդվում են ներկայիս օրենսդրությամբ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է, ապա իրենք չեն հարգում ՍԴ որոշումը և շարունակում են խախտումները։ Այսինքն՝ փակուղու մեջ են։ Բայց պետք է ընդգծել, որ ՍԴ որոշումն ավելի բարձր ուժ ունի, քան օրենքը»,- ընդգծեց իրավաբանը։
Արա Ղազարյանի խոսքերով՝ Վանաձորի ավագանին, որը մեկ տարի շարունակ ապօրինի գործունեություն է ծավալել, առավելագույնը, որ կարող է անել, համայնքից ներողություն խնդրելն է շարունակաբար իրավունքը ոտնահարելու համար և հրաժարական ներկայացնել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










































