Ամերիկացի բժիշկներին հաջողվել է վերականգնել 60-ամյա որսորդի դեմքը, ում կրծոտելով այլանդակել էր քաղցած արջը 2016 թվականի հոկտեմբերին։ Ողբերգությունը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը կրակել էր եղնիկին ու գնացել ընկած կենդանու հետևից։ Տեսնելով արջին՝ տղամարդը շրջվել է, որ հանգիստ հեռանա, սակայն արջը հարձակվել է նրա վրա, հայտնում է The Telegraph-ը։ Որսորդ Լի Բրուկի հետ դեպքը տեղի է ունեցել Վայոմինգ նահանգում։
Լին կորցրել է գիտակցությունը, սակայն երբ արնաշաղախ արթնացել է, զգացել է արջի շունչն իր դեմքի վրա, ինքնատիրապետումը չի կորցրել, հանել է դանակն ու հարվածել արջին։ Գիշատիչն արդեն հասցրել է վնասել նրա քիթն ու շուրթերը։
Տղամարդուն գետնին ընկած գտել են հարազատներն ու հոսպիտալացրել։
Նրա ոտքի մաշկի օգտագործմամբ բժիշկներին հաջողվել է վերականգնել պոկված քիթը։











































