Կաննի միջազգային կինոփառատոնին հայկական տաղավարը ներկայացավ յուրովի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։ Նա նշեց, որ հայկական տաղավարն առանձնացավ արտաքին ձևավորմամբ, պատրաստված նյութերի բովանդակությամբ և դիզայնով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային: Ինչպես ընդգծեց Գ. Գևորգյանը, կինոկենտրոնի խնդիրն է հայ պրոդյուսերների և ռեժիսորների համար ստեղծել նպաստավոր պայմաններ, աջակցել նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու և ֆիլմերն ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում:
Այս տարի հայկական տաղավարում ներկայացված էին հայկական ֆիլմերի կատալոգներ, տեղեկատվական նյութեր, այդ թվում՝ բուկլետներ, բացիկներ, ուղեցույցներ, որոնց վրա գրված հեղինակների տվյալները հնարավորություն էին տալիս հետաքրքրվողներին անմիջապես կապվել նրանց հետ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ռեժիսոր-պրոդյուսերներ Հովհաննես Գալստյանը և Արամ Սուքիասյանը, ռեժիսոր Արամ Շահբազյանը, ինչպես նաև «Ռեանիմանիա» անիմացիոն միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին: