«Սասնա ծռեր 1»-ի գործով՝ Պավել Մանուկյան և մյուսներ, դատական նիստի սկզբում փատսաբան Հայկ Ալումյանը միջնորդեց Սասնա ծռերի գործի երեք մասերը միավորել մեկ վարույթի մեջ: Երբ մեղադրող Պետրոսյանը առարկեց այդ միջնորդության դեմ, Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, թե առարկելը մեղադրողի բնավորությունն է:
Նախագահող Մեսրոպ Մակյանը կարծելով, թե Արայիկ Խանդոյանն է խոսում՝ նկատողություն արեց Խանդոյանին և զգուշացրեց. «Եթե տեղից բացականչություններ լինեն առանց իմ թույլտվության միկրաֆոնները կհավաքեն, ով թույլտվություն խնդրի նա էլ կխոսի»:
Պավել Մանուկյանը հայտարարեց. «Էս հոխորտալը հարիր չի: Դատախազի մեջ մենք ավելի շատ պետական դավաճանի ենք տեսնում, քան պետական մեղադրողի: Կանխակալ վերաբերմունք է մեր նկատմամբ: Դուք վիրավորում եք մեզ, ուր է ձեր ինքնասիրությունը, երբ ասում են թքած ունեն հայ ժողովրդի վրա: Քրեական օրենսգիրքը տվեք ինձ և կես ժամվա ընթացքում Սերժին կնստացնեմ»:
Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարեց. «Եթե քննեիք ապստամբության գործը, սա մասամբ նման կլիներ դատարանի, իսկ հիմա սա հաշվեհարդար է…գաղութարար վարչակազմը գործերը անջատելով իր հանցավոր նկրտումներն է իրականացնում, այն է ժխտում են, որ մենք կայուն կազմակերպություն ենք, ունենք ներքին հիերարխիա, կառավարման մարմին, որպես ապստամբության ուժ ենք հանդես եկել, որպես հակամարտության կողմ ենք հանդես եկել, իսկ վարչակազմը փորձում է մասնատել, գործը քննել որպես հանցագործություն,որը կատարել են առանձին անձինք»:







































