Ընտրական օրերը սովորաբար ամփոփվում են երեկոյան, երբ հայտնի են դառնում քվեարկությունների առաջին նախնական արդյունքները: Այսօր խախտում ենք այդ ավանդույթը, որովհետև Հայաստանի 69 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրությունների արդյունքները կանխորոշված են` դրանցում մրցակցության և այլընտրանքի իսպառ բացակայության հետևանքով:
Երևանի ավագանու ընտրությունները չհաշված` սրանք, ըստ էության, առաջին տեղական ընտրություններն են նոր խորհրդարանի ձևավորումից, հարաբերականորեն նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորումից հետո:
Երբ ընդդիմությունը բացակայում է այս ընտրություններից, դա խորհրդանշական է այն առումով, որ, ըստ էության, բացահայտում է իրական այլընտրանքի բացակայությունը Հայաստանում:
Ընդդիմադիր հավակնոտ և բոցավառ ելույթները խորհրդարանական ամբիոնից ոչինչ չարժեն, երբ ամեն մի նոր ընտրություն ավելի է օտարում հասարակությանը քաղաքականությունից: Անշուշտ, ընդդիմությունը տասնյակ հիմնավոր պատճառներ կարող է բերել, թե ինչու է բացակա այսօրվա ընտրություններից, սակայն դրանցից և որևէ մեկը, մեծ հաշվով, չի կարող արդարացնել ընդդիմադիրների ծուլությունն ու անտաղանդությունը:
Ընդդիմությունն` իր բացակայությամբ, թույլ է տալիս, որ ընտրական ինստիտուտները Հայաստանում վերջնականապես ապաքաղաքականացվեն: Այսօրվա ընտրությունների արդյունքներն այդ առումով կանխորոշված են, որովհետև հաղթելու է «լավ տղերքի» ինստիտուտը:
Ոչ մրցակցային ընտրությունները նաև հարված են համայնքների խոշորացման ծրագրին, կոնցեպցիային, որովհետև կառավարման արդյունավետությունը չի կարող մեծանալ, եթե տեղական իշխանությունը ձևավորվում է առանց մրցակցության` հիմքում չունենալով ծրագրային բաղադրիչ, համայնքի զարգացման տեսլական: Այսօրվա ընտրությունների միջոցով իշխանությունները հնարավորություն են ստացել վարձահատույց լինել տեղական կրիմինալին, որը ապրիլի 2-ին անհրաժեշտ տոկոս է «խփել» ՀՀԿ-ի համար: Ոչ մրցակցային, բնույթով կրիմինալ և կլանային տեղական ինքնակառավարման ընտրությունների անցկացումը արժեզրկում է նաև խորհրդարանական կառավարումը, որը ենթադրում է կուսակցությունների ինստիտուցիոնալ դերակատարության մեծացում:
Երբ չկա ձևավորված քաղաքական մշակույթ, գործ ունենք ավտորիտար իշխանության և ֆասադային ընդդիմության հետ, նույնիսկ ամենաիդեալական կառավարման մոդելը կարող է վարկաբեկվել, հանգեցնել իշխանության վերջնական կրիմինալիզացիային, ընդդիմության մարգինալացմանը, հասարակության լյումպենացմանը: Մի խոսքով` այն ամենին, ինչին այսօր ականատեսն ենք լինում Հայաստանում:







































