Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսի նպատակն այդպես էլ մնաց չբացահայտված: Այն նվիրված չէր ինչ-որ տարեդարձի, դրա ընթացքում չձևակերպվեց որևէ քաղաքական հայտ, 2018-ի խնդիրը դարձավ ավելի մշուշոտ: Մեծ իմաստով` Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի այսօրվա բոլոր քայլերի տրամաբանությունը հանգում է 2018-ի խնդրին և հենց այդ լույսի ներքո էլ պետք է գնահատվի դրանց արդյունավետությունը:
Հայաստանի իշխանություն-2018-ի համատեքստում հասարակության գործոնը հավասարեցված է զրոյի: Հենց դրան էին միտված խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք, ըստ էության, հարված էին հենց քաղաքական և ընտրական համակարգերի ինստիտուցիոնալ հիմքերին: Այս համատեքստում Հայաստանի նոր իշխանության հավակնորդների հայացքն ավելի շատ ուղղվում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին, որոնց ու Հայաստանի նոր իշխանությունների հարաբերությունների համակարգն էլ որոշելու է Հայաստանի նոր վարչախմբի քաղաքական լեգիտիմության մակարդակը: Սա ինքնին ենթադրում է, որ Հայաստանի իշխանության հավակնորդներն առնվազն հրապարակային քաղաքականության մակարդակում պետք է հանդես գան օրակարգով, որը գոնե հետաքրքիր է միջազգային խաղացողների համար: Հայաստանի պարագայում այդպիսի խնդիր է ԼՂ հակամարտությունը, ընդ որում` Հայաստանի զարգացման համատեքստում:
Եթե Կարեն Կարապետյանն այսօր ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարի, թե 2018-ի ապրիլից հետո դարձյալ պատրաստ է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա դրա կարիքն ակնհայտորեն չկար, որովհետև մի քանի անգամ Կարապետյանն այդ մասին հայտարարել է, ընդ որում` նա այսօր էապես իջեցրել է իշխանական իր հայտի նշաձողը, որովհետև պատասխանելով հարցին՝ արդյոք համակարծիք է հանրապետականների այն պնդումներին, որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավոր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, վարչապետն ասաց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարկանիշների և հայտանիշներին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ։ Մյուս մասնավոր կարծիքների վերաբերյալ հարցրեք իրենցից»: Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի անվտանգության անփոխարինելի երաշխավոր է անգամ Կարեն Կարապետյանի համար, ապա նա հրապարակային մակարդակում ակամայից դարձավ ամենաբարձրաստիճան գործիչը` Սերժ Սարգսյանին «համոզողների» շարքում: Հայաստանն այն երկիրն է, որ աշխարհին հետաքրքրում է գլխավորապես ԼՂ խնդրի և անվտանգության համատեքստում: Եթե Կարեն Կարապետյանն ամբողջ ասուլիսի ընթացքում ծպտուն անգամ չի հանում ԼՂ խնդրի մասին, իսկ անվտանգության խնդրում անփոխարինելի է համարում Սերժ Սարգսյանին, ապա ակամայից արտաքին աշխարհին հասկացնում է, որ իշխանության իր հայտը լուրջ չէ, առնվազն մոտիվացված չէ Հայաստանի զարգացման տեսանկյունից:
Ես ռուսամետ եմ, թե արևմտամետ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է՝ ես հայամետ եմ: Այսօր նաև ասել է Կարեն Կարապետյանը` ավելորդ անգամ ապացուցելով, որ իր կրեատիվ կերպարը սահմանափակվում է բրենդային հագուկապով, իսկ բովանդակային հարթության վրա նա որևէ բանով չի տարբերվում Հայաստանի գավառական էլիտայից, որն իր արտաքին քաղաքական և արժեքային կողմնորոշումների լղոզվածությունը քողարկում է կոմպլեմենտարիզմի կամ «մետության» բացառման թիկունքում: Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում գործնականում բացառվում է «մետության» բացառումը գործնական քաղաքականության մակարդակում կամ ավելի վատ` ենթադրում է եվրասիական կոնսենսուսի ամրապնդում: Եթե սա է Կարեն Կարապետյանի արտաքին քաղաքական, արժեքային կողմնորոշման այցեքարտը, ապա նա ոչ միայն այլընտրանք չէ Սերժ Սարգսյանին, այլ նույնիսկ որակապես զիջում է նրան, որովհետև գործող նախագահը գոնե փորձում է եվրոպական արտաքին հաղորդել Հայաստանի եվրասիական կերպարին:
Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսը ծանր քաղաքական տպավորություն թողեց և նման էր «ուռաներով» նահանջի:
Լուսանկարը՝ Photolure-ի










































