«Սասնա ծռեր 1»-ի գործով դատական նիստը մեկնարկեց Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Դատարանին ինքնաբացարկ հայտնելու փուլում ամբաստանյալները սկսեցին հանդես գալ հայտարարություններով:
Պավել Մանուկյանն ասաց. «Դուք էս գործին ծանոթ եք: Նույն հոդվածներով ժամանակին դատվել եմ ազերիների կողմից: Ես տանից հրաժեշտ եմ տվել ու դուրս եմ եկել միայն հաղթանակով վերադառնալու համար, բոլոր այս կարգի դատավարությունները ավարտվում են ժողովրդի կողմից պարսավանքով ու անեծքով: Կուզեի, որ ունենանք մի դատավոր, որից իշխանություն կոչվողը կվախենար, իսկական իշխանությունը հայրենիքը չլքողներն են, ոչ թե իշխանությունը բռնազավթածները»:
Վարուժան Ավետիսյանը ներկայացավ ապստամբ Վարուժան Ավետիսյան և հայտարարեց. «ՀՀ-ում հանցագործները զավթել են պետությունը և այն վերածել են իրենց հանցագործության գործիքի: Ես չեմ կարող ձեզ ընդունել որպես դատարան, դուք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի բաղադրիչ: Սա դատավարություն չի, այլ հաշվեհարդար, մենք ռազմագերիներ ենք»:
Դատավոր Մակյանը պարբերաբար հավաստիացնում է, որ դատարանը ղեկավարվելու է միայն օրենքով:













































