«Եթե հավասարության սանդղակը կգործի՝ միանշանակ կողմ եմ, որ տարկետումը հանվի։ Էդ երկու տարին չի խանգարում։ Կարան գնան ծառայեն, գան ու շարունակեն սովորել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ)՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող Զինվորական ծառայության մասին օրենքի նախագծին։ «Իսկ եթե հավասարության սանդղակը չի գործելու և կոռուպցիան շարունակելու է մտնել բանակ, որոշ մարդկանց համար դառնալով բիզնես։ Եթե էսօր վերցնում ենք՝ ղեկավար կազմի մեծ մասի երեխաները չեն ծառայել։ Իսկ եթե էսօր վերցնեն ու հավասարության նշան դնեն բոլորի միջև՝ սկսած եկեղեցուց, վերջացրած պաշտոնյաների զավակներով, թող տարկետումը վերանա»,- հավելեց տիկին Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում ինքը մտավախություն ունի, որ հավասարության սանդղակը չի գործելու, համակարգը լինելու է կոռումպացված, և որոշ մարդիկ էլի իրենց տղաներին փախցնելու են բանակից, առաջին գծից։
Տիկին Խաչատրյանի խոսքերով, ամեն դեպքում, պաշտպանության նախարարի մոտ կամք է տեսնում դեմ գնալ իրենց որդիներին ամեն գնով ծառայությունից ազատել ցանկացող պաշտոնյաներին, դնել այդ հավասարության նշանը, որի արդյունքում հնարավոր կլինի վերացնել տարկետումը։ «Ես էս մի տարվա մեջ տեսնում եմ՝ ինչ է անում Վիգեն Սարգսյանը, ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս։ Ես մասնակցել եմ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի հասարակական քննարկումներին, ներկայացրել եմ իր կարծիքը, ասել եմ, որ հավասարություն պետք է դնել, հարուստն ու աղքատը պետք է հավասարապես ծառայեն, ծառայեն առաջնագծում։ Նա պետք է պարզապես հետ չկանգնի իր առաջարկություններից և իր որոշումներից»,- ասաց տիկին Խաչատրյանը։
Մառոզին դուր չի գալիս, որ այս քննարկումների ժամանակ մատնանշում են Վիգեն Սարգսյանի ծառայած չլինելու հանգամանքը։ «Շատ պաշտոնյաներ այլ կարգավիճակով են ծառայել։ Հըլը Վիգեն Սարգսյանին ես 2003 թվականին նախարարությունում հանդիպել եմ, իսկ էն մնացածին չեմ էլ տեսել ՊՆ-ում։ Վիգեն Սարգսյանին 2-3 անգամ ՊՆ-ի ընդունարանում տեսել եմ, քննարկումների ժամանակ, հանձնաժողովի նիստերին տեսել եմ։ Իսկ էսօր մարդիկ, ովքեր բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում»,- ասաց տիկին Խաչատրյանը։






































