Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Նախաձեռնող խմբից հեռանալու մասին հայտարարել են խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը, անդամներ Անթո Քյոսեդաղը և Հաչիկ Ջանելը: Ուշագրավ է, որ այս հրաժարականները հաջորդել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ հանդիպմանը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ:









































