Ջիդդա քաղաքում (Սաուդյան Արաբիա) ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է մի կին, որը գտնվել է մեքենայի ղեկին:
Այս պատահարը գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, քանի որ միայն այս տարվա սեպտեմբերի վերջին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը հրամանագիր ստորագրեց, ըստ որի կանանց թույլատրվում է մեքենա վարել:
Ինչպես հայտնում է Al Bawaba-ն՝ կնոջ կողքին եղել է նրա ամուսինը, որը կնոջը մեքենա վարել էր սովորեցնում: Կորցնելով կառավարումը, կինը չի կարողացել արգելակել և մեքենան բախվել է քարե ցանկապատին: Վթարի հետևանքով կինը մահացել է, իսկ նրա ամուսինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սա վերջին երկու շաբաթում կնոջ մասնակցությամբ արդեն երկրորդ վթարն է: Հոկտեմբերի 2-ին, մեքենայի ղեկին գտնվող կինը բախվել է բեռնատար մեքենայի: Վթարի հետևանքով մահացել էր և՛ նա, և՛ նրա 13-ամյա ուղևորը: