«Դովիլյան հայտարարությունը միանշանակ մեր օգտին համարել չի կարելի: Այդ հայտարարության արդյունքում կողմերը պետք է աշխատեն կոնկրետ փաստաթղթի վրա, իսկ այդ փաստաթուղթը մադրիդյան սկզբունքներն են, որի ցանկացած մոդիֆիկացիան մեզ համար շահեկան չէ: Չգիտեմ՝ ինչ արդյունքներ կարելի է Կազանից ակնկալել, բայց որ ճնշումը ուժեղացել է՝ նկատելի է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂ հարցի կարգավորման ներկայիս փուլի մասին՝ կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ անիմաստ է այն հիացմունքը, թե դովիլյան հայտարարությունն ուղղված է Ադրբեջանին. «Ադրբեջանի հեչ վեջն էլ չի: Նրանք հստակ ասում են, որ Ղարաբաղը ոչ մի դեպքում անկախ չի լինի»:
Հովհաննիսյանի խոսքերով՝ ամեն անգամ զիջելով՝ հայկական կողմը ուժեղացնում է Ադրբեջանին. «Ադրբեջանն առաջ իրեն էսքան լկտի չէր պահում, բայց երբ դու զիջում ես կոկորդիլոսին, նա ավելի շատ է բացում իր երախը»:
Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ զիջողական այս դիրքորոշման պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ապահովել հայ հասարակության այնպիսի դիմադրություն, որ անհրաժեշտ պահին բռնեն և կտրեն ագրեսորի ձեռքը: