«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել, և Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը:
Արտաշատը ուշադրության կենտրոնում էր, քանի որ նախկին քաղաքապետը կայացած խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն էր: Արտաշատն ավանդաբար համարվում էր Աբրահամյանների ազդեցության գոտին, իսկ վերջին շրջանում շատ են շրջանառվում խոսակցությունները, որ հիմա Արարատի մարզում «հարցեր լուծողները» դարձել են մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ովքեր ուզում են իրենց ազդեցությունը տարածել նաև Արտաշատում: Ու երբ Արգամ Աբրահամյանը տեղափոխվեց ԱԺ, Հովիկ Աբրահամյանն էլ այլևս «մայր գետից պոկված փոքր առվակի» կարգավիճակին է արժանացել, առավել հետաքրքիր էր դառնում՝ Աբրահամյանները «կհանձնե՞ն» Արտաշատը, թե՞ ոչ:
ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատասխանելով armtimes.com-ի հարցին, թե արդյո՞ք այլ ուժերի հետ թեկնածուների հարցում համաձայնության են եկել, պատասխանել էր, թե ինքն այլ թեկնածուների մասին տեղեկություններ չունի, իսկ մեր հարցին՝ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հրաժարականը որքանո՞վ կապ ուներ թեկնածուի հարցում ՀՀԿ վերջնական դիրքորոշման հետ, պատասխանել էր, թե Պողոսյանի հրաժարականը հենց Պողոսյանի գործն է և ինքը տեղյակ չէ այդ հրաժարականից:
Այս ամբողջ «գլուխկոտրուկի» վերաբերյալ ինչ-որ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել հենց Արգամ Աբրահամյանի հետ, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը, սեպտեմբերի 27-ին ԲՀԿ-ից մեզ ասացին, որ վերջնական որոշում չկա Արտաշատում թեկնածու ունենալ-չունենալու հարցում, բայց ավելի հավանական է, որ իրենք թեկնածու չեն ունենա:
Բացի դրանից, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս Ազգային ժողովում հանդիպում ու առանձնազրույց են ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:










































