Հռոմի Ֆրանցիոսկոս պապի այցը Հայաստան հույժ կարևոր նշանակություն ունեցավ երկրի համար: Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան Մշակութային կենտրոնում Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցելության հիշատակման արարողություն ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Հանրապետություն Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Դեսպանի կարծիքով` Հռոմի պապի այցելությունն ուներ չորս իմաստ:
«Հռոմի պապը այնքան մեծ անձնավորություն է, որ կարծում եմ, իր այցելությունն ուներ բազմաթիվ իմաստներ, սակայն ես միայն չորսը նկատեցի: Առաջինը` դա աղքատների նկատմամբ մեծ ուշադրություն էր: Նա միշտ նայում էր այդ մարդկանց աչքերին ու միշտ նրանց հետ էր շփվում»,- ասաց Ուրրիոլաբեիտիան:
Ըստ դեսպանի` երկրորդ իմաստը համաշխարհային խաղաղության մտահոգություններն էին:
«Կարծում եմ, նրա այցը ոչ միայն Հայաստանի հետ էր կապված, այլ նաև տարածաշրջանի: Ինքն այդ մասին նշեց, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ գնաց Խոր Վիրապ: Հռոմի պապը ձգտում է համաշխարհային խաղաղության, և իր քայլերը դա են վկայում»,- նշեց դեսպանը:
Երրորդ իմաստը քրիստոնեական միավորման հետ է կապված, որպեսզի միավորվեն քրիոստոնեական բոլոր ճյուղերը` սկսած ուղղափառից մինչև կաթոլիկ եկեղեցի:
«Իր ամբողջ կյանքի գործունեությունը հենց դա է ապացուցում, որ նա նպատակ է դրել միավորելու բոլոր քրիոստոնեական ճյուղերը: Այդ մասին Հռոմի պապը Էջմիածնի Մայր տաճարում ծիսակատարության ժամանակ նույնպես խոսացել է և, կարծում եմ, դա ամենակարևոր ուղերձներից մեկն է»,- ընդգծեց դեսպանը:
Առանձնացնելով չորրորդ իմաստը՝ դեսպանը նշեց, որ Հռոմի պապը հայ ժողովրդի երկարամյա լավ բարեկամն է:
«Հայ ժողովրդի և Հռոմի պապի միջև բարեկամական մերձեցումը սկսվել է դեռևս նրա կարդինալ լինելու ժամանակ:Այդ բարեկամական կապը երևաց նաև Վատիկանում 1915 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում: Կարծում եմ, Ֆրանցիսկոսը ոչ միայն մարդասեր, խաղաղասեր անձնավորություն է, այլ նաև հայ ժողովրդի լավ բարեկամն է»,- նշեց դեսպանը: