Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ուրբաթ ստորագրել է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ դաշնային մակարդակով պատգամավորների ու սենատորների պաշտոններին հավակնող թեկնածուների 50 տոկոսը պետք է լինեն կանայք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պետության ղեկավարի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագահի այդ նախաձեռնությունն ուղղված է այս կամ այն քաղաքական պաշտոնի համար պայքարում կանանց և տղամարդկանց միջև հավասարության ապահովմանը:
Պենյա Նյետոյի առաջարկն այժմ կուղարկվի երկրի խորհրդարան: Մեքսիկայի ղեկավարը տարածաշրջանային իշխանություններին կոչ է արել օրինակ վերցնել դաշնային կառավարությունից ու անհրաժեշտ փոփոխություններ կատարել իրենց օրենսդրություններում:
Մեքսիկայում կանայք քաղաքական գործընթացի լիարժեք մասնակից են դարձել 1953 թվականին, երբ ստացել են ընտրելու և ընտրվելու իրավունք: