Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը հույս ունի, որ դիվանագիտական հարաբերությունների հաջորդ 25 տարիներին Միացյալ Թագավորության և Հայաստանի համագործակցությունը կընդլայնվի մի շարք ոլորտներում՝ առևտուր, քաղաքական երկխոսություն և այլն: Այս մասին պաշտոնյան ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մեր հարաբերությունները շատ լավ վիճակում են: Հուսանք՝ սա շարունակությունը կլինի շատ երկկողմ ամուր հարաբերությունների, որոնք կան երկու երկրների միջև»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստան է բերել վարչապետ Թերեզա Մեյի բարեմաղթանքը, ինչպես նաև մի ուղերձ, այն է՝ Միացյալ Թագավորությունը հեռանալու է Եվրամիությունից, սակայն ոչ՝ Եվրոպայից, ոչ էլ աշխարհից:
«Մենք շարունակելու ենք լիակատար դերակատում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջոցով և հատկապես հետաքրքրություն ենք ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության և առևտրի հարցերով»,-ընդգծեց բրիտանացի պաշտոնյան:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում է գտնվում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։