Իրաքը դադարեցնում է բոլոր միջազգային թռիչքներն Իրաքյան Քրդստանի Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքի օդանավակայաններից՝ ինքնավար տարածաշրջանի անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո։
Ինչպես հայտնել է Իրաքի Քաղավիացիայի վարչությունը, թռիչքները կդադարեցվեն սեպտեմբերի 29-ից։ Բացառություն են հանդիսանում իրաքյան ավիաընկերությունների ներքին չվերթները։
Հանրաքվեի նախնական արդյունքներով՝ ընտրողների 91.83 տոկոսն աջակցել է անկախացմանը։ Հանրաքվեին դեմ են արտահայտվել Իրաքը, Իրանը, Սիրիան և Թուրքիան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրաքվեին կպատասխանի պատժամիջոցների սահմանմամբ, որից հետո Իրաքում քրդերը «ուտելու ոչինչ չեն ունենա»։









































