Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը: Նրանք հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Սեպտեմբերի 25-ին հայկական պատվիրակության անդամներին ընդունել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Հրապարակային և ոչ հրապարակային
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ բոլոր այս հանդիպումները, բնականաբար, անցել են ջերմ և դրական մթնոլորտում: Քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, տարածաշրջանային համագործակցության և անվտանգության խնդիրները: Արա Բաբլոյանը, օրինակ, Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրման տարբեր ուղիները չեն կարող խոչընդոտել երկու երկրների փոխգործակցության զարգացմանը: Իսկ Վրաստանի նախագահը հայկական պատվիրակության ղեկավարի հետ զրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին՝ ասելով հետևյալը. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:
Այնուամենայնիվ, եթե փորձենք պատկերավոր լեզվով բնութագրել, անշուշտ, բարեկամական երկու պետությունների՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ներկա փուլում, ապա կարելի է ասել, որ հարաբերությունների մակերեսին երևացող հռչակագրային բնույթի նմանատիպ հայտարարություններից զատ՝ ավելի խորքային շերտերում կան որոշ խութեր, որոնք վերջին շրջանում ավելի շատ են զգացնել տալիս իրենց մասին: Եվ սա դրսևորվում է տարբեր ոլորտներում:
Օրինակ՝ հայտնի է, որ Վրաստանից անջատված երկու շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունները հաճախ են ջերմ ընդունելության արժանանում ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի իշխանությունների կողմից, ինչը զայրույթ է առաջացնում Վրաստանում: Վերջին տհաճ միջադեպը հայ-վրացական հարաբերություններում գրանցվեց սեպտեմբերի սկզբին, երբ Հայաստանը չեղարկեց իր մասնակցությունը Վրաստանում անկացված «Agile Spirit 2017» զորավարժություններին, որից հետո էլ սկսվեց հրապարակային բանավեճ Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև, թե արդյո՞ք հայկական կողմը պաշտոնապես հաստատել էր իր մասնակցությունը, թե՞ ոչ:
Հայաստանում լուրջ անհանգստություն առաջացրեց նաև Բաքվում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե այս երեք երկրները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին «համատեղ» հանդեղ կգան Աբխազիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում: Խոսքն այն մասին էր, որ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ՄԱԿ-ի նստաշրջանին պիտի ընդգծեին, որ Աբխազիայի և ԼՂ հիմնախնդիրները պիտի լուծվեն համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Առաջ անցնելով՝ նշենք, որ նման նախաձեռնություն ՄԱԿ-ում այդպես էլ չեղավ, փոխարենը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, թե Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գլխավոր բանալին Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Այս համատեքստում արժի հիշեցնել, որ Չավուշօղլուի հայտարարությունից ընդամենը 5 օր անց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն եկավ Երևան և հանդիպեց իր հայաստանցի գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի նախագահի հետ:
Հայ-վրացական հարաբերություններում առկա այս խնդիրների շարքին կարելի է դասել նաև Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցը: Թեև դրա մասին չեն խոսում պաշտոնապես, բայց մամուլից հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաստանի արտգործնախարարությունը չի տրամադրում «ագրեման»՝ նախնական համաձայնություն, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու համար:

ՆԱՏՕ-ի զորավարժություններ, Աբխազիա, Ղարաբաղ, նոր դեսպան
Այսպիսով, որքանո՞վ է Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը կապված այս հարցերի հետ և որքանո՞վ է տեղավորվում այս համատեքստի մեջ: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն պատասխանեց, որ նման հարցերում ամենավատ բանը կիսատ ասված խոսքն է, թյուրըմռնումը: Փորձագետի խոսքերով՝ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել նշված զորավարժություններին Մոսկվայի ճնշման պատճառով՝ չուզենալով զայրացնել Ռուսաստանին, քանի որ մինչ այդ մերժել էր Մոսկվային մեկ այլ հարցում՝ մասնակցելու Սիրիայի ականազերծման աշխատանքներին:
Խոսելով Աբխազիայի խնդրի մասին՝ Վասաձեն նշեց, թե բոլորն էլ գիտեն, որ Աբխազիայի հայերը, որոնք կազմում են այդ շրջանի բնակչության 30-50 տոկոսը, ճնշված են իշխող էլիտայի կողմից, խորհրդարանում ներկայացված են ընդամենը երեք պատգամավորով, իսկ կառավարությունում չունեն ներկայացուցիչ:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա Վրաստանի դիրքորոշումը շատ հստակ է. համաձայն ՄԱԿ-ի միջազգային սկզբունքների՝ մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը և կարծում ենք, որ բոլոր խնդիրները Կովկասում պիտի լուծվեն խաղաղ ճանապարհով, ինչը, ըստ էության, համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների մոտեցումներին»,- ավելացրեց վրացի քաղաքագետը:
Իսկ Սերգեյ Մինասյանի նշանակման խնդիրը Վասաձեն այսպես է բնութագրում. «Ես միշտ ասում եմ հետևյալը՝ պարզ է, որ սա մութ պատմություն է, որովհետև սկզբից Սերգեյ Մինասյանին չէին տրամադրում ագրեման Հայաստանի պատճառով, այնպես որ այս գործընթացներն արգելակվում են ինչպես Վրաստանի, այնպես էլ, ներեցեք, Հայաստանի կողմից, որը հետաքրքրված չէ, որպեսզի Սերգեյ Մինասյանին նշանակեն դեսպան, թեև ես միշտ ընդգծում եմ, որ անձամբ ինձ համար Սերգեյ Մինասյանի նշանակումը շատ դրական կլինի երկկողմ հարաբերությունների համար»:
Վասաձեն կարծում է, որ Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան նորմալ երևույթ է և այդպես էլ պետք է լիներ, նույնիսկ եթե այն տեղի է ունենում Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից անմիջապես հետո: Թե ինչու Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան այդպես էլ «համատեղ» հանդես չեկան ՄԱԿ-ում, մեր զրուցակիցը դժվարանում է պատասխանել, այնուամենայնիվ ավելացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել իր նախագահի՝ ավելի ուշ ՄԱԿ-ում արած հայտարարությունը, որն էլ մենք լսեցինք:
«Գործնականում միշտ էլ այդպես է եղել. այն, ինչ հնչեցվեց ՄԱԿ-ի ամբիոնից, նշանակում է, որ Թուրքիան, խոսելով ուրիշների մասին, նկատի է ունենում իրեն»:
Ցավոտ կետեր հայ-վրացական հարաբերություններում
Վերադառնալով հայկական պատվիրակության այցին՝ քաղաքագետը նշեց, որ հարևանները պետք է որքան հնարավոր է հաճախ գնան միմյանց հյուր, և որքան էլ շատ լինեն այցելությունները, միևնույն է, դրանք բավարար չեն: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք նախ և առաջ վերաբերում են տարածաշրջանային իրադրությանը՝ անկայունությանը Մերձավոր Արևելքում, որը լարվածություն է առաջացնում նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում:
«Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, դժվար է ասել, թե դրանք այսօր վերելք են ապրում, բայց միաժամանակ չի կարելի նաև ասել, թե առաջընթաց չկա: Կան որոշակի ցավոտ կետեր, որոնց վրա հավանաբար կսեղմեն նրանք, ում ձեռնտու չէ մեր համագործակցությունը: Խոսքն այստեղ կարող է լինել հատկապես սահմանագծման գործընթացի, Եվրոպական միության, Արևելյան գործընկերության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին: Խորհրդարանականների այցը լավ է նրանով, որ ի տարբերություն գործադիր իշխանության պաշտոնյաների, որոնք պատասխանատու են կոնկրետ ուղղությունների համար, խորհրդարանականները պատասխանատու են հանրային կարծիքի համար: Պատգամավորները պետք է կենդանի կապ ունենան ժողովրդի հետ, թեև և՛ մերոնց, և՛ ձերոնց մոտ դա այնքան էլ չի ստացվում: Այդ պատճառով այս այցը շատ կարևոր է այն իմաստով, որ այս մակարդակի վրա վրացական և հայկական կողմերը հասնեն փոխըմբռնման, թե ինչպես կարելի է խուսափել բոլոր այս սուր թեմաներից, վրդովել հասարակություններին երկու երկրներում»,- ավելացրեց քաղաքագետ Գելա Վասաձեն:








































