ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը Մոսկվայում հանդիպել է որդու հետ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: Գործակալության զրուցակիցը հայտարարել է, որ հանդիպումը շատ զգացմունքային է եղել, իսկ հանդիպման վայրն ու տեղը չեն հաղորդվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան ավելի վաղ հայտարարել էր, որ լրագրողներին անպայման կտեղեկացնեն հանդիպման արդյունքների մասին: Նա հայտնել էր, որ հանդիպումը պետք է կայանար հոկտեմբերի 10-ին: Փաստաբանի խոսքով՝ Սնոուդեն-ավագը ծրագրում է դեռ մի որոշ ժամանակ մնալ Ռուսաստանում:
Լոն Սնոուդենը Մոսկվա էր ժամանել հոկտեմբերի 10-ի առավոտյան: Կուչերենան, ով նրան դիմավորել է օդանավակայանում, լրագրողներին հայտնել է, որ իրենց մեքենային հետևել է մոտ 5 մեքենա: Փաստաբանը կարծել է, թե անծանոթները հետևում են Սնոուդեն-ավագին՝ որդու հետ նրա հանդիպման վայրն իմանալու համար:
Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Սնոուդենի բնակության վայրը գաղտնի է պահվում:









































