ՀՅԴ-ում պնդում են, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու պրոցեսը դեռ երկար կտևի: Եվ, այնուհանդերձ, քննարկվում է նրա պատգամավորական մանդատի հարցը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բանն այն է, որ մանդատին հավակնող Արամայիս Գրիգորյանը, ըստ ամենայնի, կնշանակվի մարզպետ: Համամասնական ցուցակի հաջորդ համարը ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է՝ նախորդ գումարման ՀՅԴ պատգամավոր, Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի և այլոց հետ միասին «Մեղեդի» սրճարանի համասեփականատեր: ՀՅԴ-ում կարծում են, որ մեծ է հավանականությունը, որ ընկեր Միքայելը հրաժարվի՝ մանդատը զիջելով իրեն հաջորդող Կարեն Շահմուրադյանին, վերջինս Ուկրաինայում ՀՀ դեսպան Սերվիզ Անդոյի բիզնես պարտնյորն է Հայաստանում՝ «Արարատ-լադայի» գործադիր տնօրենը, որը բավականին «ներդրումներ» է կատարել ՀՅԴ նախընտրական փուլում և դժվար թե հրաժարվի մանդատից: Իսկ հրաժարվելը ցանկալի է ոչ այն պատճառով, որ ՀՅԴ-ն գենդերի կողմնակիցն է, քանի որ գալիս է Ռուզան Առաքելյանի հերթը, այլ որ Ռուզանից հետո նախորդ գումարման մեկ այլ հաջողված պատգամավորի՝ Արա Նռանյանի հերթն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































