Մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցում են հումքի այդ տեսակի նկատմամբ Իրանի կարիքները, դրա ավելցուկը կարող է քննարկման առարկա դառնալ միջազգային միջնորդների՝ «Վեցյակի» հետ բանակցություններում: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին:
Օգոստոսի վերջին հրապարակված ԱԷՄԳ-ի զեկույցի տվյալներով՝ մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները աճել էին՝ հասնելով 372.5 կգ-ի՝ 324 կգ-ի դիմաց, որի մասին հայտարարվել էր մայիսին:
«Կա ուրանի քանակության որոշակի ավելացում, որի կարիքը մենք չունենք, և դա կարող է դառնալ քննարկման առարկա»,- ասել է Լարիջանին գործակալությանը՝ Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության հանդիպման կուլուարներում:
Իրանի հետ միջազգային միջնորդների՝ «Վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների հերթական ռաունդը կկայանա Ժնևում, հոկտեմբերի 15-16-ը:









































