ԱՄՆ-ը կպահպանի «առողջ» ռազմական ներկայությունը Ասիայում և կօգտագործի բարձր տեխնոլոգիական զենքեր դաշնակիցներին աջակցելու և նավարկելի երթուղիների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` Հարավարևելյան Ասիայի երկրներ կատարվող շրջագայության ժամանակ:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է պարենային լրացուցիչ պաշարների և այլ կենսական նշանակություն ունեցող ռեսուրսների կուտակումն այս շրջանում` բնական աղետներին ժամանակին արձագանքելու համար: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն անում է հնարավորը, որպեսզի պահպանի ասիական գործընկերների վստահությունը, որոնք մտահոգված են չինական ազդեցության աճով և Վաշինգթոնի ֆինանսական դժվարություններով:
Հիշեցնենք, որ Գեյթսն այսօր նաև ասել է, որ հնարավոր է բանակցություններ սկսվեն ամերիկացիների և թալիբների միջև առաջիկա մեկ տարվա ընթացքում:








































