Երեքշաբթի իր աշխատանքն է սկսել Ֆրանկֆուրտի գրքի խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառը, որը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ցուցահանդեսին իրենց արտադրանքն են ներկայացրել 7300 ներկայացուցիչներ՝ 100 երկրից: Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարի շուրջ 280 հազար մարդ կայցելի տոնավաճառ:
Այս տարվա միջոցառման պատվավոր հյուրը Բրազիլիան է, որի տաղավարը զբաղեցնում է 2500 քմ տարածք: Պատվիրակության ղեկավարը փոխնախագահ Միշել Տեմերն է:
Գերմանական կողմից միջոցառման բացման արարողությանը մասնակցել է արտգործնախարար Գիդո Վեստերվելեն:
«Մշակույթի բնագավառում Բրազիլիան «ծանր քաշային է»»,- ասել է Վեստերվելեն:
Մայնի Ֆրանկֆուրտում տաղավարների ընդհանուր մակերեսը կազմում է 169 հազար քմ: Ինչպես նախորդ տարիներին, տոնավաճառում, որն անցկացվում է 65-րդ անգամ, գրքերից բացի՝ այցելուներին կներկայացվեն ամսագրեր, թերթեր, քարտեզներ, օրացույցներ և այլն: Շուրջ 1500 հեղինակներ անձամբ կներկայացնեն իրենց աշխատանքները: Մեծ ուշադրություն կդարձվի նաև էլեկտրոնային գրքերին:
Ի սկզբանե ցուցահանդեսին հրավիրվել էր 66-ամյա գրող Պաոլո Կոելյոն, ով վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Նա իր որոշումը մեկնաբանել է այն հանգամանքով, որ ինքը չի ճանաչում Բրազիլիայի պաշտոնական պատվիրակության մեջ ներառված հեղինակներից շատերին:
«Յուրաքանչյուր կազմ կարող էր դառնալ քննադատության առարկա: Տարօրինակ է, որ Կոելյոն այս կապակցությամբ արտահայտվել է ցուցակների հրապարակումից կես տարի անց»,- ասել է բրազիլական պատվիրակության ներկայացուցիչ Մարիո Լեսան:
Առաջին անգամ Մայնի Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսը բացվել է 1949թ.:







































