Մաքսային միության կանոնակարգերում ապրանքների 70%-ի մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանի գործող մաքսատուքերն են: Այս մասին այսօր հայտարարեց տնտեսագետ Վահագն Ղազարյանը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքով՝ ՄՄ մտնելու դեպքում մենք ստիպված ենք լինելու վերանայել մաքսատուրքերը, ինչը կնվազեցնի Հայաստանի ներդրումային գրավչությունը:
Համեմատելով ՄՄ-ն ԵՄ-ի Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) հետ՝ Վ. Ղազարյանը նշեց, որ, ի տարբերություն DCFTA-ի, ՄՄ-ն բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի տնտեսության համար: Օրինակ՝ պարզ չէ՝ 10 տարի շարունակ մեր օրենսդրությունը ԵՄ երկրներիի օրենսդրությունների հետ մոտարկելուց հետո ինչպես ենք այն կրկին փոփոխությունների ենթարկելու՝ ՄՄ երկրների օրնսդրությանը համապատասխանեցնելու համար: Կամ՝ երբ բարձրացնենք մաքսատուրքերը, ստիպված ենք լինելու փոխհատուցում տալ ՄՄ-ից դուրս գտնվող երկրներին՝ նրանց հետ առևտրային ռեժիմը վատացնելու պատճառով: Կամ ստիպված ենք լինելու վերաբանակցել Վրաստանի հետ առևտրային պայմանները՝ փոփոխելով դրանք դեպի վատթարացումը, և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով ենք կապվելու ՄՄ երկրների հետ Վրաստանի միջոցով:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































