Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին, սակայն առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը:
«Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել սիրիական խնդրի լուծմանը: Եթե մեր մասնակցությունը կնպաստի կարգավորմանը, ապա Ժնև հրավիրելուց առաջ որևէ պահանջ ներկայացնելն անտեղի է, և մենք չենք ընդունի դա»,- նշել է Աֆհամը:
ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքով՝ Իրանը վստահ է, որ Սիրիայում աղետալի ճգնաժամային զարգացումը հնարավոր է դադարեցնել միայն հակամարտող կողմերի միջև քաղաքական համաձայնության միջոցով: Նա նշել է, որ համաժողովին Իրանի չմասնակցելը բանակցություններին կզրկի Իսլամական Հանրապետության կառուցողական ներդրումից:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ դեմ չի լինի համաժողովին Թեհրանի մասնակցությանը, եթե վերջինս ճանաչի Սիրիայում անցումային կառավարության ստեղծումը՝ որպես հիմնական սկզբունք, որի վրա կկառուցվի հակամարտության կարգավորումը:










































