Իշխանության ղեկին գտնվելու երկու տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը փոխել է զինվորական ղեկավարության ներկայացուցիչների, հանձնաժողովների ղեկավարների և իշխող կուսակցության առաջնորդների մոտ կեսին: Այս մասին հայտնում է «Չունան Իլբո» թերթը՝ հղում անելով Հարավային Կորեայի կառավարության հաշվետվությանը:
Միավորման հարցերով հարավկորեական նախարարության հաշվետվության մեջ ասվում է, որ Կիմ Չեն Ինը փոխել է Աշխատանքային կուսակցության, կառավարության և ռազմական գերատեսչության բարձրաստիճան 218 պաշտոնյաներից 97-ին:
Մասնագետները նշել են նաև տնտեսական նախագծերի հանդեպ Կիմ Չեն Ինի հետաքրքրության մեծացումը:
Կիմ Չեն Ինին ուղեկցող կազմում նույնպես փոփոխություն է նկատվել: 2012-ին հրապարակային միջոցառումների ժամանակ առաջնորդի հետ հաճախ կարելի էր տեսնել նրա մորեղբորը՝ Չան Սոն Տխեկին (106 անգամ): Սակայն այս տարի նա առաջնորդին ուղեկցել է ընդամենը 49 անգամ, իսկ փոխմարշալ Չխվե Ռեն Խեն միջոցառումներին Կիմ Չեն Ինի կողքին ներկա է եղել 112 անգամ:









































