«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, նոր եք վերադարձել Քիշնևում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումից: Ի՞նչ եք կարծում` բացի վիզաների հեշտացման և ռեադմիսիայի համաձայնագրերից, արդյոք այլ պայմանագիր կստորագրվի՞: Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում շարունակեց պնդել, որ ամբողջովին պատրաստ ենք ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը:
– 2009 թվականից Քիշնևում իրականացվող Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում տարբեր կազմակերպություններ բարձրացնում են իրենց հուզող տարբեր հարցեր: Այս անգամ Հայաստանին վերաբերող մեկ հարց եղավ, որն առնչվում է վիզաների դյուրացմանը, որով զբաղվում է մեր կազմակերպությունը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: «Եվրոպան առանց վիզայի» կազմակերպության մեջ մտնում են հիսունից ավելի կազմակերպություններ՝ Եվրամիության պետություններից և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ներգրավված վեց երկրներ: Մեր կազմակերպությունը այդ ֆորումի անդամ է, և մենք վեց գործընկեր երկրների հետ անցկացրել ենք մոնիտորինգ վիզաների հեշտացման հետ կապված: Եվ քանի որ Հայաստանի դեպքում միակ արդյունքը նախորդ տարվա դեկտեմբերին Եվրամիության հետ վիզաների դյուրացման պայմանագրի ստորագրումն է և այս տարվա ապրիլին ռեադմիսիայի պայմանագրի ստորագրումը, մնացել է միայն վավերացման խնդիրը: Հաշվի առնելով այն բացասական ֆոնը, որը ստեղծվել է սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպայի և Հայաստանի միջև, որոշեցինք դիմել Հայաստանի ԱԺ և Եվրախորհրդարանին՝ վավերացնելու այս պայմանագրերը: Ինչքան էլ անորոշ է Հայաստանի դերը Արևելյան գործընկերության ծրագրերում, այնուամենայնիվ, վիզաների մասով աշխատանք կատարվել է, ստորագրվել են փաստաթղթեր, և մենք կոչ ենք անում վավերացնել: Դուք գիտեք, որ մոտ ժամանակներս Եվրախորհրդարանի պլենար նիստում այդ հարցը պետք է քննարկվի, և մենք կարծում ենք, որ շատ լավ կլինի, եթե Եվրապառլամենտը վավերացնի այդ հարցը: Որքան գիտեմ մեր խորհրդարանում դա օրակարգում է, և գոնե այս մասով մեր աշխատանքը ջուրը չգցենք:
– Արդյոք եվրոպացիների մոտ Հայաստանի հետ նոր ծրագիր մշակելու պատրաստակամություն կա՞: Առաջիկա տարիներին ի՞նչ հունով կգնա համագործակցությունը, և առհասարակ նոյեմբերին հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հայաստանը ստորագրի Ասոցացման պայմանագիրը:
– Թե ինչպես են պատկերացնում Հայաստանի հետ հետագա համագործակցությունը` այդ հարցը ավելի ճիշտ կլինի տալ եվրոպացիներին, քանի որ նրանք ասում են` Հայաստանը դուրս եկավ Ասոցացման պայմանագրի ստորագրման պրոցեսից, թող Հայաստանն ինքը որոշի և ասի՝ ինչ է ուզում, որ մենք էլ մտածենք օգնել Հայաստանին: Բայց պետք է ասեմ, եվրոպացի ազդեցիկ գործիչների հետ իմ շփումները ցույց են տալիս, որ մարդիկ իրոք զարմացած են, չեն հասկանում` ինչ կատարվեց, շատերը շոկի մեջ են: Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման պայմանագիրը, բայց որքան հասկանում եմ՝ Հայաստանը նկատի ունի ստորագրել միայն պայմանագրի քաղաքական մասը, իսկ խորը և համապարփակ առևտրի հետ կապված պատրաստ չէ ստորագրել: Այդ դեպքում այս փաստաթուղթը իմաստ չունեցող փաստաթուղթ պետք է լինի, քանի որ այդ քաղաքական մասը մենք 2001-ին ռեալ ստորագրել ենք, երբ Եվրախորհրդի անդամ դարձանք: Այստեղ խնդիրն ավելի շատ հայկական կողմի դիրքորոշման մեջ է, թող մերոնք ասեն՝ ինչ են ուզում, և ես կասկած չունեմ, որ եվրոպացիներն այնքան բարի կգտնվեն, որ կսկսեն մտածել՝ ինչով կարող են օգնել Հայաստանին:
– Այսինքն՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի զեկույցը, հարց ու պատասխանը որևէ կերպ համոզիչ չէին:
– Հիմա մենք գտնվում ենք բարդ ժամանակաշրջանում, և իրար հակասող հայտարարություններ կարող են լինել, բայց այնուամենայնիվ, այստեղ հստակ է խնդիրը. եթե Սերժ Սարգսյանը նկատի ուներ ամբողջ փաստաթուղթը, կասկած չունեմ, որ եվրոպացիները կասեն` այո, պատրաստ ենք, եթե միայն քաղաքական մասը նկատի ուներ, ապա այսօր հստակ կարող եմ ասել, որ Եվրոպան ոչ մի բան չի ստորագրի մեզ հետ, և դա շատ տրամաբանական է, ինչ իմաստ ունի հռչակագրի ամբողջ փաթեթի միայն քաղաքական մասը ստորագրել, երբ 2001-ին մենք դարձանք Եվրախորհրդի անդամ, մենք նմանատիպ պարտավորություններ ենք ստանձնել, և դրանով որևէ բան չենք ավելացնում: Այստեղ հայկական կողմը, ՀՀ նախագահը պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը. երբ ասում են՝ պատրաստ ենք ինչ-որ բան ստորագրել, պետք է ասեն՝ ինչ նկատի ունեն, միգուցե համընկնի իրենց դիրքորոշումը եվրոպացիների հետ: ՀՀ իշխանությունները կարճ ժամանակում հասկացան, որ Մաքսային միության մեջ ոչինչ չկա, և դա է պատճառը, որ սկսեցին ինչ-որ չափով նորից գալ եվրոպական ուղղություն, իսկ վերջնական գալը շատ արագ կլինի, պարզապես Վիլնյուսի գագաթնաժողովը ունի հստակ ամրագրված օր՝ նոյեմբերի 28-29-ին, և մինչև այդ օրերը մերոնք պետք է հասցնեն կողմնորոշվել:
Գնդակը հայկական կողմում է, և Հայաստանի իշխանությունը պետք է ասի՝ ինչն է պատրաստ ստորագրման Եվրոպայի հետ: Իսկ եթե մենք պատրաստ չենք ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը ամբողջությամբ՝ ներառյալ առևտրի խորը և համապարփակ գոտու ստեղծման պայմանագիրը, այդ դեպքում պարզ է, որ ոչ մի բան չի ստորագրվի մինչև Վիլնյուս: Վիլնյուսից հետո կողմերը՝ Եվրամիությունը և Հայաստանը, պետք է սկսեն նորից զրոյից հարաբերություններ, հասկանան՝ ինչ է պետք Հայաստանին, մենք էլ հասկանանք` մեզ ինչ է պետք: Ինչքան լսում եմ իշխանություններին, հասկանում եմ, որ նրանք հստակ չգիտեն՝ ինչ են ուզում: Եվ այն եզրակացության եմ գալիս, որ Հայաստանը, հայտարարելով, որ գնում է դեպի ՄՄ, բայց մյուս կողմից` ՄՄ դե ֆակտո գոյություն չունի, ստացվում է՝ գնում են այնտեղ, որտեղ ոչինչ չկա: Դա նշանակում է, որ Հայաստանը չգիտի՝ ուր է գնում: Եթե չգիտենք` ուր ենք գնում, ուրեմն` իրոք ճիշտ է ժամանակ տալ, որ մենք ինքներս կողմնորոշվենք և հետո գնանք եվրոպացիներին ասենք՝ սա ենք ուզում:
Լուսանկարը՝ Photolure-ի








































