Եվրահանձնաժողովը առաջարկել է ստեղծել հատուկ որոնողա-փրկարարական ծառայություն՝ կանխելու համար անօրինական ներգաղթյալների մահը Միջերկրական ծովում, որով նրանք գալիս են Եվրոպա, հաղորդում է BBC News-ը:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել ներքին գործերի ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը, որը խոստացել է համապատասխան ծրագիրը ներկայացնել ԵՄ երկրների ներքին գործերի նախարարներին: Նախաձեռնության համաձայն՝ համաեվրոպական միասնական ծառայությունը պետք է պարեկություն անի «Կիպրոսից մինչև Իսպանիայի» ջրերում:
Մալմստրյոմի աշխատակազմում նշել են, որ նման կառույցը կարող է կանխել մարդկանց զանգվածային մահվան դեպքերը:
Այժմ ԵՄ-ն ունի սահմանների միասնական պահպանության ծառայություն՝ Frontex, սակայն Միջերկրական ծովի ավազանում այդ կառույցը սահմանափակ ռեսուրսներ ունի, դրա տրամադրության տակ է գտնվում միայն չորս նավ, երկու ուղղաթիռ և երկու ինքնաթիռ:






































