Դերասան Տիգրան Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Միացյալ երիտասարդական լիգայի այն հայտարարության մասին, որ ինքը հարում է աղանդավորական կառույցի: Նա նշեց, որ դեռևս 1.5 տարի առաջ համացանցում տեսել է, որ Միացյալ երիտասարդական լիգան տեղեկություն է տարածած եղել, որ իր մեքենան նվիրել է «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանը: «Ես լռեցի այդ ժամանակ, որովհետև կարծում էի, որ կուղղվեն: Ընդհանրապես, եթե յուրաքանչյուր ասածին ուշադրություն դարձնեի, չէի հասցնի իմ բոլոր դերերի համար աշխատել և ներկայանալ հանդիսատեսին»,- ասաց դերասանը:
Բանախոսը նշեց, որ այսպիսի ստահոդ հայտարարություններով ոչ ոք չի կարող իր անվան վրա ստվեր գցել, անհնար է, քանի որ ինքը պատկանում է հայ առաքելական եկեղեցուն, և ոչ մի եզր չկա, որ կարողանան իրեն կապել որևէ աղանդավորական կառույցի հետ. «Ես մտածում եմ, որ սա իրենց PR-ի համար են անում, կամ ես վիրավորել են իրենց կառույցի ներկայացուցչին, կամ ինչ-որ մեկին, որի համար «աբիժնիկ են մնացել» Տիգրան Ներսիսյանից»:
Դերասանը ասաց, որ ոչ մի դատական գործընթաց չի սկսի, սակայն հուսով է, որ գոնե նմանատիպ դեպքերը չեն կրկնվի: Նա հավելեց, որ եթե ինչ-որ տեղ գնա, ինչ-որ կառույցի հարի, ոչ ոքից չի վախենա և կարտահայտվի դրա մասին, սակայն բարոյական կլինի, որ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն էլ հանդես գան հայտարարությամբ:






































