Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընտրում է կազմակերպություններ, որոնցում նա պատրաստ կլինի կրել պատիժը՝ զբաղվելով հանրօգուտ աշխատանքով՝ գրում է Corriere della Sera-ն:
Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանն օգոստոսի 1-ին հաստատել էր դատավճիռը, որը Բեռլուսկոնիի դեմ կայացրել էր Վերաքննիչ դատարանը: Նախկին վարչապետը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ իր ստեղծած Mediaset մեդիախմբի կողմից ֆինանսական խարդախությունների աղմկալի գործով: Նրա բանտարկության ժամկետը մեխանիկորեն կրճատվել է մինչև մեկ տարվա ՝ կապված 2006-ին ընդունված ներման մասին օրենքի հետ: Պատկառելի տարիքի պատճառով 77-ամյա Բեռլուսկոնին կենթարկվի կամ տնային կալանքի, կամ կզբաղվի հասարակական աշխատանքով՝ համապատասխան սոցիալական ծառայությունների վերահսկողության ներքո:
Պարբերականի տվյալներով՝ Բեռլուսկոնին այսօր մտադիր է իր փաստաբանների հետ հանդիպել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ընտրությունն, ըստ ամենայնի, կկատարվի երեք կազմակերպությունների միջև: Դրանք են՝ Մարկո Պիկիի զորակցության ազգային կենտրոնը, որն օգնում է թմրամոլներին ազատվել կախվածությունից, «Գենետիկ իրավունքների հիմնադրամը», որը զբաղվում է նոր բիոտեխնոլոգիաների մշակման ոլորտում սոցիալական հարցերով, սակայն ամենամեծ շանսերն ունի ասոցիացիան, որը զբաղվում է արդարադատության, մահապատժի և բանտերի հարցերով:








































