ԱՄՆ սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը, որոնք Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու կոչ էին անում, պահանջել են ստուգել հաղորդագրություններն այն մասին, թե իբր Սիրիայի իշխանությունները գաղտնի կերպով տեղափոխում են քիմիական զենքը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Մաքքեյնը և Գրեմը համաձայն չեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որը ողջունել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման փաստը: Վկայակոչելով սիրիացի նախկին բարձրաստիճան պաշտոնյային՝ սենատորները կարծում են, որ Սիրիայի իշխանությունները փորձում են թաքցնել պաշարների մի մասը՝ դրանք ուղարկելով Լիբանան և Իրաք:
«Ալ-Ասադի վարչակարգի նման գործողությունները կարող են ցույց տալ քիմիական զենքի զինանոցի մի մասը պահելու նրա մտադրությունը և բարդացնել միջազգային հանրության վերահսկողությունը»,- ասվում է սենատորների հայտարարության մեջ:
Նրանք նաև մտավախություն ունեն, որ քիմիական զենքը կարող է հայտնվել Իրանի կամ «Հըզբոլլահ»-ի ձեռքում:
«Մենք պետք է զգույշ գնահատական տանք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ու ներկայիս նախաձեռնությանը և ուշադիր հետևենք գործողություններին, որպեսզի խանգարենք Սիրիային ՄԱԿ բանաձևն օգտագործել որպես գործիք՝ ժամանակ շահելու և սիրիացի ժողովրդի դեմ ռազմական արշավը շարունակելու համար»,- ասել են սենատորները:










































