Սերժ Սարգսյանը երեկ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ռազմաքաղաքական օրակարգով: Նիստը հրավիրվել է Հայաստանում մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում: Այդ շրջանակում պետք է տեղի ունենա նաև կառավարության առաջիկա նիստը: Այսինքն` Հայաստանում իշխանական համակարգը փորձարկում է իր աշխատանքը, այսպես ասած, արտակարգ կամ պատերազմական դրության պայմաններում:
Մի կողմից` սա հասկանալի պլանային աշխատանք է, որ պետք է տանի ցանկացած երկիր, որը գտնվում է Հայաստանի աշխարհագրական դիրքում և ունի չավարտված պատերազմի, ընդհանրապես անվտանգության լրջագույն խնդիրներ: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, թե ինչի համար է այս ամենը:
Այս ամենն իրականում թատրոն է, թատրոն է այն պարզ պատճառով, որ իրականում Հայաստանում կառավարությունը պատերազմի համար անհրաժեշտ պատրաստվածություն ապահովող քայլերը պետք է անի ամեն օր: Եվ այդ քայլերը շատ պարզ են՝ արդյունավետ կառավարում, կառավարում օրենքի շրջանակում, պայքար կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ, իրավապահների արդյունավետ աշխատանք պետական մակարդակի հանցավորության դեմ, և այլն, և այլն:
Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է արտակարգ դրության պայմաններում գործեն ամեն օր: Եթե այդ ամենօրյա աշխատանքները չկան, կամ եթե այդ ամենօրյա աշխատանքներում թերությունները, մեղմ ասած, այնքան են և այնպիսին են, որ Հայաստանի գրեթե ամեն երկրորդ քաղաքացին հեռանալու ցանկություն ունի, և ամեն մի երրորդ կամ չորրորդը ուղղակի հեռանում է, ապա թե ինչպես կպահեն իրենց նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները պատերազմի դեպքում` արդեն դառնում է անկարևոր: Այնպես, ինչպես նրանք իրենց պահում են սովորական ռեժիմում, Հայաստանը ըստ էության պատերազմի հանդեպ դարձնում է անպատրաստ: Նրանց սովորական աշխատանքը ուղղակի դատարկում է Հայաստանը, և ոչ մի նշանակություն չունի արդեն, թե նրանք իրենց ինչպես կպահեն պատերազմող կիսադատարկ երկրում:
Եվ ուրեմն` ժամանակն է թողնել նման կառավարչական բեմականացումներն ու մտածել առօրյա, սովորական ռեժիմում կառավարման որակի էական բարելավման, իրական բարեփոխումների մասին: Այստեղ է Հայաստանի դիմադրունակության բանալին: Եթե այս հարցերում իշխանական օղակները աշխատեն այնպես, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ և օրենքով, ինչպես թելադրում են բարոյականության, մարդասիրության, արդարության տարրական կանոններն ու զգացումը, ապա պատերազմական կամ արտակարգ իրավիճակում գործողությունների մեծ մասը կզարգանա ինքնաբերաբար, սահուն մեխանիզմի տրամաբանությամբ և այդ պաշտոնյաներին կմնա ընդամենը հետևել, որ մեխանիզմը չխափանվի:
Իսկ երբ մեխանիզմը ի սկզբանե խափանված է, ապա ինչքան էլ այն մի քանի օրում գործի գցես, միևնույն է, այդ մեխանիզմով հեռուն չես գնա:










































