Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությունը (BND) Աֆղանստանում պատերազմի ժամանակ լրտեսել է խորհրդային զինվորականներին: Այս տեղեկությունը հրապարակել է Welt am Sonntag-ը: Թերթը գրում է, որ գործողությունը կրել է կոդավորված «Ամառային անձրև» անվանումը: Այն շարունակվել է մի քանի տարի` խորհրդային զորքերի` Աֆղանստան մուտք գործելուց հետո:
Չնայած որ BND-ում հրաժարվել են այս կապակցությամբ մեկնաբանություններ անել` այս տեղեկությունը հաստատել է դրա նախկին ղեկավար Հանս Գեորգ Վիքը:
BND-ի խնդիրն է եղել հավաքել և Գերմանիային տրամադրել խորհրդային ռազմական տեխնիկայի օրինակներ` նավիգացիոն համակարգեր, ինքնաթիռների և ուղղաթիռների մասեր, ռումբերի տարրեր: Հետախույզները գործել են աֆղան մոջահեդների միջոցով:
Գերմանական հետախուզությունը գործում էր Պակիստանում աֆղան փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագրի անվան ներքո:








































