Սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը, որից հետո նա երրորդ անգամ անընդմեջ կստանձնի նախագահի պաշտոնը: Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունից հետո կսկսվի նոր կառավարության ձևավորումը, որտեղ առանցքային համարվող պետնախարարի պաշտոնը կտրվի Արցախի վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին: Պետնախարարը կառավարությունում ստանձնելու է տնտեսական բլոկի պատասխանատվությունը՝ ըստ էության կատարելով փոխվարչապետի պարտականություններ:
Բակո Սահակյանը Արցախի նախագահ ընտրվեց հուլիսի 19-ին՝ Արցախի խորհրդարանի պատգամավորների 29 կողմ, 4 դեմ քվեարկությամբ: Արցախի նախագահը կուսակցական չէ, բայց նրա օգտին քվեարկեցին խորհրդարանի երեք խմբակցությունների՝ «Ազատ հայրենիք», ՀՅԴ և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավորները, ինչպես նաև միակ անկախ պատգամավոր Արսեն Առուստամյանը:
Քաղաքագիտական առումով նոնսենս էր, որ խորհրդարանում գրեթե որակյալ մեծամասնություն ունեցող «Ազատ հայրենիքը» չառաջադրեց նախագահի իր թեկնածուին: Կուսակցությունը վերահսկում է 33 մանդատներից 16-ը, իսկ կուսակցության նախագահը վարչապետ Արայիկ Հարությունյանն է: Հարությունյանը երկար ժամանակ հույս ուներ, որ հենց ինքը կարող է լինել Արցախի Հանրապետության հաջորդ նախագահը, բայց երբ Արցախում տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, բոլորի համար պարզ դարձավ, որ Բակո Սահակյանը մտադիր է շարունակել մնալ նախագահի պաշտոնում՝ առնվազն մինչև 2020 թվականը:
Ինչո՞ւ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ունենալով խորհրդարանի տեղերի գրեթե կեսը, առաջադրվելու նույնիսկ փորձ չարեց, թեև չափազանց շատ էր ուզում լինել Արցախի Հանրապետության հաջորդ նախագահը: Այս հարցի պատասխանը բոլորի համար առավել քան ակնհայտ է. նա լավ կոմերսանտ է, որը կարող է լավ ձեռնարկություն ղեկավարել, կարող է տնտեսական խնդիրներ լուծել, այդ թվում և՝ ի շահ իր ու իր մերձավոր շրջապատի, բայց նա չի կարող լինել պատերազմող երկրի առաջին դեմքը, նրան չի կարելի վստահել երկրի անվտանգությունը:
Երկրի առաջին դեմքի ընտրության հարցում անվտանգության ապահովումն առաջնահերթություն համարելը զուտ արցախյան ֆենոմեն չէ: Այդպես են դատում նաև Հայաստանում, որտեղ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կարող է լինել նա, ով կկարողանա իր վրա վերցնել երկրի անվտանգության ապահովման բեռը: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ևս այդ չափանիշին չի համապատասխանում: Ինչպես Ղարաբաղում Արայիկ Հարությունյանը, այնպես էլ Հայաստանում Կարեն Կարապետյանը հաջողակ կոմերսանտ է, հատկապես երբ հարցը վերաբերում է սեփական բիզնես գործունեության հաջողությանը: Հանրային ընկալման իմաստով անգամ երկրի անվտանգության ապահովումն ու Կարեն Կարապետյանը չեն ընդհանրանում: Այս իմաստով Արցախի և Հայաստանի վարչապետների ճակատագրերը կարող են նույնական լինել:
Սեպտեմբերի 7-ից հետո Բակո Սահակյանը Արայիկ Հարությունյանին կնշանակի պետնախարար, ինչի շուրջ պայմանավորվել են «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչների հետ: Չի բացառվում, որ ապրիլի 9-ից հետո էլ Կարեն Կարապետյանը նոր կառավարությունում զբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը, չնայած ինչպես Արայիկ Հարությունյանը ժամանակին, նա էլ ունի առաջինը լինելու հավակնություններ:
Չնայած Արայիկ Հարությունյանը Կարեն Կարապետյանի հետ համեմատության մեջ ունի առնվազն երկու շատ ակնհայտ առավելություն: Առաջին՝ նրա վարչապետության օրոք Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել տնտեսական աճ, եթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրությանը՝ նույնիսկ երկնիշ, մինչդեռ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ոչ մի տեսանելի տնտեսական հաջողություն չի արձանագրել: Երկրորդ՝ Արայիկ Հարությունյանի ստեղծած և ղեկավարած կուսակցությունը վերջին ընտրություններում ստացավ 47 տոկոս, մինչդեռ Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահն է, և այդ կուսակցական պաշտոնը զբաղեցնում է վարչապետ լինելու հանգամանքով պայմանավորված: Չլինի այդ պաշտոնը, նա նույնիսկ շարքային կուսակցական չի լինի











































