Սիրիայի դեմ ահաբեկչական հարձակումը չկարողացավ ստիպել Դամասկոսին հրաժարվել Պաղեստինի ժողովրդին աջակցելու և սեփական պետություն ստեղծելու իրավունքի համաարաբական գլխավոր կուրսից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը՝ Դամասկոսում ընդունելով Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հատուկ ներկայացուցիչ Աբաս Զաքիին:
«Պաղեստինցի ժողովրդի պատմական օրինական իրավունքներին աջակցելն առաջնային է սիրիական քաղաքականությունում: Սիրիայում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները միայն բարձրացրել են համերաշխության մակարդակը պաղեստինցի ժողովրդի հետ, որը, ինչպես և մենք, ստիպված է դիմակայել ահաբեկչական սպառնալիքին»,- ասել է Ալ-Ասադը:
Զաքին իր հերթին նշել է, որ Պաղեստինի իշխանությունները Սիրիայի վրա հարձակումը գնահատում են որպես ընդհանուր ծրագրի մի մաս՝ ուղղված տարածաշրջանի արաբական երկրները մասնատելուն, որի նպատակն է թուլացնել դրանք Իսրայելին դիմակայելու գործում:








































