Այսօրվանից շահագործման է հանձնվել Փակ շուկայի առաջին հարկը, որտեղ մուտքի մոտ գործում է շուկա, իսկ ավելի խորքում սուպերմարկետ է: Երկրորդ հարկում ընթանում են շինարարական աշխատանքներ: Բացի դրանից՝ դեռևս չի գործում սուպերմարկետի հատվածը, որն իր չափերով մի քանի անգամ գերազանցում է շուկայի հատվածին:
Փակ շուկայի ներսում հատակն ամբողջությամբ սալիկապատված է, պատերը ներկված են բաց կանաչ, իսկ առաստաղի հատվածում չկան նախկին կամարները:
Շուկայի վերաբերյալ առաջին տպավորությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքացիների հետ: Նրանց մեծ մասը մեզ հետ զրույցում ասում էր, որ տարածքը մաքվել և գեղեցկացել է, իսկ ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ շուկան կորցրել է իր ճարտարապետական արժեքը, մեր համաքաղաքացիներից մեկը պատասխանեց. «Ժողովուրդը սոված է, ի՞նչ ճարտարապետության մասին է խոսքը: Գոնե այսքան աշխատատեղ է բացվել»:
Այնուամենայնիվ, կային մարդիկ, որոնց կարծիքով շուկայում չի պահպանվել նախկին ճարտարապետությունը, և ակտիվիստների պայքարը արդյունք չի տվել:
Նշենք, որ շուկայի ոչ պաշտոնական բացման ժամանակ և դրանից հետո ոչ մի ակտիվիստ չկար տարածքում:
Շուկայի աշխատակիները մեզ տեղեկացրին, որ շուկան պաշտոնապես կբացվի հոկտեմբերի 9-ին:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































