Գերմանիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Իրանը սիրիական ռեժիմին թույլ է տվելիր տարածքում ռազմական օդանավեր տեղակայել: Զեկույցում, որը մեջբերում է Der Spiegel պարբերականը, ասվում է, որ Իրանն ու Սիրիան 2012-ի նոյեմբերին ստորագրել են համաձայնագիր, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին թույլ է տալիս իր ռազմաօդային ուժերի մեծ մասը տեղակայել իրանական տարածքում և անհրաժեշտության դեպքում դրանք կիրառել:
Բացի այդ, հաղորդվում է, որ Իրանը Սիրիա է ուղարկել Իսլամական հեղափոխության պահակախմբի էլիտար ստորաբաժանումներ՝ օգնելու ռեժիմին ապստամբների դեմ պայքարում: Ասադի կողմից արդեն կռվում են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գրոհայինները, որոնց նկատմամբ այաթոլլայի ռեժիմը բարեհաճ է:
Երեկ Գերմանիան հերքել է սիրիական հակամարտությունում միջնորդի դեր ստանձնելու առաջարկը, որով հանդես էր եկել Ասադը: Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով՝ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ժնևյան համաժողովի և հակամարտող կողմերի բանակցությունների ճանապարհով, ոչ թե առանձին երկրների միջամտության:









































