«Տարբերությունը միայն պատմական ժամանակահատվածի մեջ է․ բոլոր ժամանակներում էլ աշխատել են թարմացնել իրենց հաղորդաշարերը, և նույնն էլ այսօր է կատարվում, այսինքն՝ արվում է այն, ինչ ներկայիս պատմական ժամանակահատվածն է թելադրում, իսկ թե որքանով է հաջողվում՝ դա արդեն հեռուստադիտողը պետք է ասի, իսկ իմ գնահատմամբ՝ ոչ լրիվ, բայց ինչ-որ չափով հաջողվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը՝ անդրադառնալով Հ1-ի ներկայիս հաղորդումներին, ծրագրերին և դրանց որակական փոփոխություններին։
«Ես ուղղակի պարտադիր եմ համարում եթերում լրագրողական հետաքննությունները, որն այսօր հիմնականում չկա, բանավեճային հաղորդումները, որպեսզի հետաքրքիր լինի, և հեռուստադիտողն էլ դրանց սպասի»,- հավելեց նա։
Հարցին՝ ինչու հանրային միջոցներով պահվող Հանրային հեռուստաընկերությունն այսօր չի ապահովում հաղորդաշարների այն որակը, որը հեռուստադիտողն ուզում է տեսնել, Նարա Շլեպչյանը պատասխանեց․
«Առաջ մեր հաղորդումները բազմաէջ էին՝ 50-60 կամ գուցե ավելին, մանավանդ եթե տոնական հաղորդումներ էին, իսկ հիմա տեքստեր համարյա չկան, ամենամեծ տեքստը 1 կամ 2 էջ կարող է լինել և այն էլ հուշարարով։
Հ1-ը պետք է ապահովի այդ որակը հանրության բոլոր շերտերի համար, բայց հիմա դա դժվար է և խնդիրներ շատ կան, մրցակցությունն է մեծ, և Հանրայինը պետք է, անշուշտ, ամենալավը լինի, բայց հավանաբար բյուջեի հարց է, ես դժվարանում եմ ասել․ դե անում են այնքան, ինչքան կարողանում են, ինչքան երևակայությունն է թույլ տալիս, և ինչքան ճաշակն է թույլ տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































