Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր պետք է հարցաքննվեր քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Սրբուհի Այվազյանը: Նա հայտարարեց, որ հրաժարվում է ցուցմումք տալուց և հարցերին պատասխանելուց: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:
Սրբուհի Այվազյանը նախաքննական ցուցմունքի մի հատվածում նշել է, որ համակրել է Արթուր Վարդանյանին և այդ մասին նրան տեղյակ է պահել. «Հետաքրքիր զրուցակից էր ֆեյսբուքով, նրանից հետաքրքրվել եմ` արդյոք ամուսնացած է, տվել է խուսափոխական պատասխան և ես մտածեցի, որ ամուսնացած չէ, համացանցով ես նրան խոտովանել էի իմ համակրանքի մասին, նա ինձ խնդրեց, որ չկապվեմ նրա հետ»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ Արթուր Վարդանյանն իրենից ուզել է հայ օլիգարխների, նրանց ունեցվածքի մասին տեղեկություններ, «Նաև Վրաստանում նրա համար նկարել եմ Բաքու -Վրաստան երկաթգիծը»:
Սրբուհի Այվազյանը նաև հայտնել է, որ տեղյակ չէ զինված հանցախմբի, Նորք-Մարաշի տանը պահվող զենք-զինամթերքի և նախապատրաստվող հեղաշրջման մասին:








































