Պետության հիմնական առաջնահերթություններից են երկրի անվտանգությունը, ժողովրդի առողջությունը և հասարակության կրթությունը: Այսօր Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում, որտեղ սովորել է մասնագիտությամբ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վերջինս հանդես է եկել նման հայտարարությամբ: Բաբլոյանի գնահատմամբ՝ անվտանգ երկրում կրթված և առողջ ժողովուրդը կարող է ստեղծել բոլոր պայմանները բարեկեցիկ պայմաններում ապրելու համար:
Անշուշտ, գեղեցիկ ու ակադեմիական խոսքեր են, որոնց պակասը այսօր հատկապես չի զգացվել, որովհետև մեր բարձրաստիճան պաշտոնյաները շռայլ են գտնվել իրենց սեպտեմբերմեկյան ուղերձներում և ելույթներում: Սակայն մեր պաշտոնյաները շատ ժլատ են, երբ խոսքը վերաբերում է պետական ծրագրերի իրականացմանը կամ միջոցառումներին, որոնք ուղղված են քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մեխանիզմների ստեղծմանը:
Օրինակ՝ Բաբլոյանը, որպես բժիշկ, վարչապետին հարցրե՞լ է, թե ինչ նպատակով են առողջապահության համակարգում կրճատվում պետական միջոցները՝ մանավանդ, երբ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը չունի միջոցներ վճարովի բուժօգնություն ստանալու համար: Արդյոք խորհրդարանն ու նրա նախագահը հետաքրքրվե՞լ են, թե այդ ինչ օպտիմալացում է իրականացնում վարչապետը, որից առաջին հերթին տուժում են երկրի համար կենսական՝ առողջապահության և կրթության ոլորտները՝ ավելի անհասանելի դառնալով հասարակության լայն խմբերի համար:
Կամ ԱԺ նախագահը տեղյա՞կ է, որ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալներն այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով նվազել են: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ կամ այն հանգամանքով, որ բնակչությունը այնքան է աղքատացել, որ նույնիսկ հացի վրա է խնայում:
Արա Բաբլոյանը գուցե տեղյակ չէ այս փաստերին և չիմացության հիմքով է կառուցել իր այսօրվա լուսավոր ելույթը: Կամ էլ՝ Բաբլոյանը շատ արագ է ինտեգրվել այն էլիտային, որի համար ստելը սովորական մի բան է:









































