Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր սկսվեց Գառնիկ Թովմասյանի գործով դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գառնիկ Թովմասյանը 2013 թվականի մայիսի 30-ին Երևան քաղաքի «Աչաջուր» ռեստորանային համալիրի բակում ծեծի է ենթարկել նույն ռեստորանի մատուցողուհի Աստղիկ Ս.-ին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գառնիկը «Աչաջուր» ռեստորանային համալիրում պարբերաբար ժամանակ է անցկացրել, այնտեղ ծանոթացել մատուցողուհի Աստղիկի հետ:
Նրանք մտերիմներ են դարձել ու մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը կապված են եղել իրար հետ:
Բայց կապը խզվել է, իսկ մայիսի 30-ին Գառնիկն «Աչաջուր» է գնացել ընկերների ու մի աղջկա հետ:
Նրանց սեղանին է մոտեցել ու փորձել է սպասարկել մատուցողուհի Աստղիկը: Բայց Գառնիկը համալիրի տնօրենին խնդրել է, որ իրենց ուրիշ մատուցող սպասարկի:
Գառնիկն առանձնասենյակ է պատվիրել, առանձնացել այնտեղ ընկերակիցներից ոմանց հետ:
Այդ ժամանակ, ըստ նրա, նրանց սեղանին է մոտեցել Աստղիկը ու Գառնիկի ընկերներին պատմել իրենց ինտիմ հարաբերությունների իբր՝ որոշ մանրամասներ:
Երբ Գառնիկը մոտեցել է սեղանին, ընկերները հաղորդել են Աստղիկի ասածները:
Գառնիկը զայրացել է, մտել խոհանոց, մազերից քաշելով այնտեղից դուրս բերել Աստղիկին, քարշ տալով տարել բակ, «իր հասցեին վիրավորական հայտարարություններ անելու կապակցությամբ» ոտքերով և ձեռքերով այնպես է ծեծել, որ մատուցողուհու մոտ առաջացել են ծնոտի ելունի, քունքոսկրի խրթեշի կոտրվածքներ, գանգուղեղային վնասվածք. կնոջ առողջությանը ծանր վնաս է պատճառվել:
Գառնիկ Թովմասյանը մեղադրվում է դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Թովմասյանի խափանման միջոցը կալանավորումն է:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել տուժող Աստղիկը:
Դեռ քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլում նա գրություն էր գրել, թե հրաժարվում է ծանոթանալ գործի նյութերին ու չի կարող ներկայանալ քննչական վարչություն, որովհետև այլ քաղաքում է գտնվում՝ աշխատանքի բերումով:
Իր այսօրվա բացակայության մասին նա դատարանին ոչինչ չէր տեղեկացրել:
Ամբաստանյալ Գառնիկ Թովմասյանը ցանկություն հայտնեց, որ դատարանում իր շահերը պաշտպանի հանրային պաշտպանը:
Մեղադրող Ա. Բարսեղյանը չառարկեց, որ պաշտպան ներգրավելու համար դատական նիստը հետաձգվի:










































