Հայաստանի հավաքականը այսօր 34 րոպե ուշացում ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Անմիջապես հյուրանոցում տեղավորվելուց հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է sport-express-ի լրագրող Նիկիտա Լիսովոյի հարցերին:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա հանդիպումից:
-Առաջին հերթին մենք տրամադրված ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել:
-Մարտին Երևանում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանի հավաքականին հեշտ խաղ չի սպասվում:
-Սա սպորտ է: Ոչ ոք չգիտի՝ ինչպես կավարտվի հաջորդ խաղը: Հանդիպման մեկնարկից առաջ երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն: Որքան էլ, որ պարզունակ է հնչում, բայց գնդակը կլոր է, խաղադաշտը՝ ուղիղ:
-Ի՞նչ եք կարծում՝ ռուսներն այլ տրամադրվածությամբ դուրս կգան խաղադաշտ, ի համեմատ երևանյան հանդիպման:
-Կարծում եմ՝ այո: Չնայած ձերոնք բոլոր խաղերին էլ լուրջ են վերաբերվում:
-Ինչի՞ հաշվին ձեր հավաքականին հաջողվեց որակական առաջընթաց գրանցել սեփական խաղում:
-Այստեղ մեծ դեր խաղացին նոր ֆուտբոլիստները: Մենք նոր, երիտասարդ թիմ ունենք: Նրանք բոլորովին այլ ֆուտբոլ են ցուցադրում: Այս տղաները ոչ ոքից չեն վախենում, նրանց համար նշանակություն չունի, թե ով է իրենց դեմ խաղում: Նախկինում կային խաղացողներ, որոնց մասին մտածում էի, թե ինչպե՞ս պիտի նրանց հրավիրեմ հավաքական: Իսկ այս թիմը կարգապահ է և ամբողջությամբ ենթարկվում է մարզչի հրահանգներին: Միակ թերությունը՝ փորձի բացակայությունն է: Բայց չէ որ մենք ունենք խաղացողներ, ովքեր չեն զիջում Արշավինին և Ժիրկովին:
-Հենրիկ Մխիթարյանի մասի՞ն է խոսքը:
-Ինչու միայն նրա մասին: Նաև շատ ուրիշների՝ Յուրա Մովսիսյանի, Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի:
-Ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում այս հանդիպմանը. դուք պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ունեք:
-Մեզ մոտ միշտ էլ ի սրտե երկրպագում են մերոնց և երազում են, որ մենք հաղթենք: Դուք իրավացի եք. բոլորը հասկանում են, որ այս անգամ մեր հնարավորություններն ավելին են քան՝ սովորաբար:
-Պետերբուրգում հայկական մեծ համայնք կա: Ինչպիսի՞ աջակցության եք սպսում «Պետրովսկի» մարզադաշտում:
-Մեզ հատկացված է 1100 տոմս և հենց այդքան Հայաստանի երկրպագու էլ կգա:
-Կանխատեսում կանե՞ք:
-Ես երբեք դա չեմ անում: Մտածում եմ, որ խաղը բարդ է լինելու թե՛ մեր, թե՛ Ռուսաստանի համար: Հայաստանի համար իհարկե ավելի, քանի որ մենք խաղում ենք մրցակցի հարկի տակ:






































