Հայաստանում վերջին շրջանում համաներումները մեծ մասամբ քողարկված քաղաքական խնդիր են լուծում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ նկատի ունի վերջին երկու համաներումները, երբ միաժամանակ կային թե միջազգային և թե ներքին հասարակական ճնշումներ՝ քաղբանտարկյալներին բաց թողնելուն ուղղված:
Իշխանյանի խոսքով՝ որևէ պետություն քաղբանտարկյալ հասկացողություն չի ճանաչում, իսկ Հայաստանում, որը ոչ իրավական երկիր է, նրանց չէին կարող արդարացնել, արդարացնելով ազատ արձակել, մի հնար պետք է գտնեին, և դա համաներումն էր: «Երկու համաներումն էլ ես գնահատում եմ որպես քաղաքական որոշումներ, իսկ ընդհանրապես այստեղ կա հակասություն: Համաներումներին իրավական պետության պարագայում չեմ կարող գնահատական տալ, բայց Հայաստանում, որը ոչ իրավական պետություն է, բազմաթիվ մարդիկ ոչ իրավական լուծումներով կամ շատ չնչին հանցագործությունների պատճառով հայտնվում են բանտերում: Այս ամենը հաշվի առնելով ու մանավանդ՝ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը, սա նաև իշխանությունների համար մի քայլ և մի ելք է այդ իրավիճակը շտկելու առումով»,- ասաց նա՝ նշելով, որ մյուս կողմից, իհարկե, կարելի է զանազան քաղաքական դրդապատճառներ գտնել համաներման համար, օրինակ՝ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը: Վերջին դրդապատճառի հետ Իշխանյանը համաձայն չէ, որովհետև կարծում է, որ Տիգրան Առաքելյանի հարցը կարող էր այլ կերպ լուծվել՝ Վերաքննիչ դատարանով, պայմանական վաղաժամկետ ազատման միջոցով, այսինքն՝ կարելի էր լուծում գտնել, 2009, 2011 թվականները չէին, որ քաղբանտարկյալները շատ լինեին:
«Մյուս կողմից` կարելի է գնահատել այլ կերպ. վերջին շրջանում, երբ հերթական քաջագործություններն է անում Սյունիքի նախկին մարզպետը և անպատիժ մնում, երբ ակտիվիստների են ծեծում, երբ մի օրում Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է ընդունում, այս ամենի ֆոնի վրա, թեև վստահ չեմ, բայց գուցե իշխանությունը փորձում է ցույց տալ իր մարդասիրական դեմքը»,- ասաց նա՝ նշելով, որ դժվարանում է գնահատական տալ, բայց ընդհանրապես խնդրին նայում է այն տեսանկյունից, որ հաշվի առնելով ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը, թեկուզ մի քանի հարյուր հոգի ազատվեն, ապա այդ հիմնարկներում էապես վիճակը, պահման պայմանները կբարելավվեն:
Իշխանյանը կարծում է, որ համաներումների պարբերականությունը մեր երկրում շատ մեծ է, և դրանք մեծ մասամբ քաղաքական ենթատեքստ ունեն, այս դեպքում ևս բացառություն չէ: Հարցին՝ արդյոք համաներմամբ ազատ արձակվածների չորս տոկոսից ավել հատվածի կրկնահանցագործ դառնալը փո՞քր թիվ է, Իշխանյանը նշեց, որ չի ցանկանում կասկածել բերված թվերին: «Ես ուրիշ բան կարող եմ ասել, որ ընդհանրապես Հայաստանում բանտարկյալների և նախկին բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը զրոյական է: Պետությունը որևէ ծրագիր չունի նրանց աշխատանքի ընդունելու համար, իսկ այդ պայմաններում, երբ նրանց համար որևէ զբաղմունք չկա, հնարավոր է, որ ավելի շատ վերադառնան»,- ասաց նա՝ նշելով, որ կոնկրետ հստակ թվերի չի տիրապետում:








































