«Արձագանքները շատ հակասական էին. մի մասը շատ լավ էր տրամադրված այդ ելույթին, մյուս մասը սկսեց, այսպես ասած, կեղծ բարեպաշտություն խաղալ և փորձեց այստեղ դատապարտող ակցիաներ կազմակերպել, ուստի ես եկել եմ պաշտպանելու հենց պատգամավորի խոսքի ազատությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ով եկել էր «Զվարթնոց» օդանավակայան ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելու:
Նրա խոսքով՝ ռեալիստական չեն կեղտոտ լվացքների վերաբերյալ պատմությունները, որովհետև այդ կեղտոտ լվացքը, նրա պնդմամբ՝ աշխարհով մեկ դուրս է եկել, և գարշահոտությունն էլ տարածվել է. «Մերկապարանոց հայտարարություններ են, ավելի լավ է՝ այդ լվացքը ներսում մաքուր պահեին, լվանային»,- ընդգծեց նա:
Մեր հարցին՝ ինքը Փոստանջյանի ասած այն 80 տոկոս քաղաքացիների՞ց է, ում հետաքրքրում էր ԵԽԽՎ-ում իր հնչեցրած հարցի պատասխանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք բոլորս այդ հարցի պատասխանն ունենք, և Սերժ Սարգսյանը ստում էր՝ ասելով, որ ինքը խաղամոլ չէ, և ստում էր, երբ ասում էր, թե ինքը ներկայացնում է հայ ժողովրդի մեծամասնությանը: Բոլորս գիտենք, որ նա երկու ընտրությունների ժամանակ էլ չի ընտրվել, նա երկու անգամ ստեց և ցույց տվեց, թե իր ընդդիմախոսների հետ ինչպես է վարվում՝ ասելով. եթե ես ունենայի այդքան փող, կեսը Ձեզ կտայի, որ չչարանայիք… երեք խայտառակ սխալ՝ մեկ նախադասության մեջ»:










































