«ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք ՍԴՀԿ 21-րդ համագումարին և կուսակցության մեջ տարբեր թևերի գոյության մասին հարցին, մասնավորապես, նշել է, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության մեջ որևէ թև գոյություն չունի, չի ունեցել և չի կարող ունենալ։
«Մեծ, համահայկական քաղաքական կազմակերպությունների պարագայում, բնականաբար, այս կամ այն հարցի շուրջ կարող են լինել որոշակի դիսկուրսներ, անհամաձայնություններ, քննարկումներ, և համագումարն այդ խնդիրների լուծման գործիքն է»,- ասաց նա։
Գալստյանի խոսքերով՝ դա արհեստական նետված նյութ է, և դրա մասին խոսելը, առնվազն, անշնորհակալ գործ է, որովհետև նման բան գոյություն չունի։
«Սա հերթական համագումարն է, կան օրակարգեր, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, Սփյուռքում հայկական համայնքների վիճակին, Մերձավոր Արևելքում հայության վիճակին, եկեղեցիների հետ կապված իրավիճակին, Հայ Դատի, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության ճանաչման խնդիրներին։ Այսինքն՝ այն բոլոր հարցերին, որոնցով հանձնառու և պատասխանատու է նաև ՍԴՀԿ-ն»,- ասաց նա։







































