Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը:
Հայաստանի ՊՆ-ն պատրաստ չի եղել պարզաբանումներ տալ` հայաստանցի լրագրողներից ժամանակ խնդրելով որոշակի պարզաբանումների համար:
Քիչ առաջ էլ, ռուսաստանցի զինվորականի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով Aysor.am-ը դիմել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին:
«Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»,- ասել է նախագահի խոսնակը:
Այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները ռուսական աղբյուրներից են տեղեկանում, որ Հայաստանը Սիրիայում պատրաստվում է մաս կազմել Ռուսաստանի գլխավորությամբ գործող ինչ-որ կոալիցիայի:
Երբ քո փոխարեն օտարները որոշում են կայացնում, դա ավելի վտանգավոր է, քան` ինչ-որ գործողության մասնակցել-չմասնակցելը: Մոսկվայում Հայաստանին հերթական անգամ կանգնեցրել են փաստի առաջ: Սիրիայում Ռուսաստանին կոալիցիան պետք է` իր գործողությունները լեցիտիմացնելու, իր սիրիական ներկայությանն աղխարհաքաղաքական նշանակություն հաղորդելու համար:
Նույնիսկ ականազերծման աշխատանքներին մասնակցելը` ենթադրում է Հայաստանի ներգրավվում սիրիական հակամարտության գործընթացում:
Սրանից Հայաստանը բացարձակապես չունի որևէ օգուտ, սակայն տեսանելի են առնվազն երկու ռիսկերը: Ռուսական կոալիցիան, որի անդամ է լինելու Հայաստանը, հակադրության մեջ է լինելու ԱՄՆ գլխավորությամբ գործող արևմտյան կոալիցիայի հետ և չափազանց մեծ է հավանականությունը, որ վտանգի տակ դրվեն Հայաստան-ՆԱՏՕ բավականին կայացած ու հեռանկարային հարաբերությունները: Մյուս կողմից` «Իսլամական պետության» ահաբեկչության թիրախ են դառնում այն պետություններն, որոնք Սիրիայում պայքարում են այս խմբավորման դեմ:
Փաստորեն` Հայաստանը դառնում է ահաբեկչության պոտենցիալ թիրախ: Ավելի տխուր է այն փաստը, որ Կիսիլյովի Sputnik-ն ավելի շուտ է իմանում, թե Հայաստանը Սիրիայում ռուսական կոալիցիայի անդամ է, քան` մեր երկրի իշխանությունը: Մերոնք գոնե կարող են Կիսիլյովին խնդրել, որ Հայաստանին վերաբերող լրատվությանը հասու լինեն ընթերցողներից մի քանի րոպե շուտ:








































