ԱՄՆ-ը կկրճատի իր դիվանագետների պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մի քանի հարյուրով։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ սովորաբար ԱՄՆ կառավարությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է ուղարկել ավելի քան 1000 դիվանագետի։ Այս անգամ՝ սեպտեմբերին Գլխավոր ասամբլեա (Նյու Յորք) կուղարկվեն մի քանի հարյուրով պակաս ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ դիվանագիտական պատվիրակության թվաքանակի կրճատման որոշումը, հավանաբար, կապված է Պետդեպի բյուջեն կրճատելու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ցանկության հետ։
Գլխավոր ասամբլեայի առաջիկա՝ 72-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում համաքաղաքական դեբատները կսկսվեն սեպտեմբերի 19-ին։








































