Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նոր թատերաշրջանում երկու նոր գործ է բեմադրել՝ մեկը մանկական «Ծուղրուղու»-ն, մյուսը՝ մոնոներկայացում է՝ «Ձի»-ն մեծահասակների համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա տեղեկացմամբ` հոկտեմբերին իրենք փոքրիկ հանդիսատեսի դատին կներկայացնեն Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», դեկտեմբերին՝ Նոր տարվա տոնածառի հանդեսը: «Ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա պետք է ասեմ, որ նոր ենք վերադարձել Մեծ Բրիտանիայից: Այնտեղ կայացած մի թատերական փառատոնի ընթացքում հանդես ենք եկել «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմամբ, որը, շնորհիվ, դերասանական փայլուն խաղի, հանդիսատեսի կողմից շատ դրական արձագանք ստացավ: Կարծում եմ՝ վատ հանդես չենք գա նաև «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում: Իսկ հետագա պլանների մասին չեմ ուզում խոսել, սակայն թատրոնում ստեղծագործական մթնոլորտը եռում է»,- նշեց արվեստագետը՝ հավելելով, որ փառատոներ ու ցուցահանդեսներ մայրաքաղաքում պետք է շատ լինեն:
Ռուբեն Բաբայանի խոսքով` բնական է, որ փառատոների ընթացքում լինեն նաև չհաջողված ներկայացումներ: «Արվեստի ասպարեզում տապալվելը լավագույն դպրոցն է: Ռուս դասական Անտոն Չեխովն ասում էր՝ ստեղծագործությանն ամենաշատը խանգարում է հաջողության պարտավորեցումը»,- ասաց նա:
Արվեստագետը նշեց նաև, որ ներկայացում դիտելու եկած երեխային չի կարելի սովորեցնել: «Նա պետք է ազատ մտածելակերպ ունենա, նրան պետք է ընդամենը արվեստի ճանապարհը ցույց տալ: Թատրոնը սուտ չի հանդուրժում: Եթե մեծահասակը քաղաքավարությունից դրդված կարող է մինչև վերջ դիտել ներկայացումը, ապա երեխան ճիշտ ժամանակին զգում է կեղծիքն ու կարող է հեռանալ դահլիճից: Թե մեծահասակ և թե մանկահասակ հանդիսատեսին թատրոնում պահելն ամենաբարդ գործն է»,- ասաց նա՝ հավելելով, որ 21-րդ դարի լավ դերասանը միաժամանակ պետք է լավ ծաղրածու, լավ մնջախաղաց և լավ տիկնիկավար լինի:
Ամփոփելով՝ Ռուբեն Բաբայանը ցավով նշեց, որ Հայաստանում հովանավորների ու մեկենասների ինստիտուտը բացարձակապես չի գործում: «Քաղաքակիրթ երկրներում արվեստն ու բիզնեսը միմյանց կարիքն ունեն: Իսկ Հայաստանում դրանք միմյանց ատում են: Սիմֆոնիկ նվագախումբ հովանավորող անձը չի կարող հետո «Փակ շուկա» քանդել»,- ասաց արվեստագետը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































