The Wall Street Journal թերթը գրել է, որ Gmail-ի կոտրված հասցեները պատկանել են ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներին: Հաքերները հույս են ունեցել, թե վարչակազմի աշխատակիցներն իրենց անձնական փոստն օգտագործել են գործնական նամակագության համար:
Խոսքը Google-ի կողմից երեկ տարածած այն հաղորդագրության մասին է, համաձայն որի՝ չինացի հաքերները փորձել են կոտրել մի քանի հարյուր փոստարկղեր, որոնց մեջ եղել են նաև ԱՄՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնայների անձնական էլեկտրոնային փոստի հասցեները:
Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ հաքերներին չի հաջողվել ստանալ պաշտոնական որևէ տեղեկություն: Հիմա իշխանություններն իրականացնում են համապատասխան քննություն:
Հիշեցնենք, որ Google-ի հայտարարությունից հետո Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ տեղեկությունները կեղծիք է համարել: «Չինաստանին դրա մեջ մեղադրելն անթույլատրելի է»,- ասել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:









































